Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության՝ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» հետ համատեղ կազմակերպած «Մարդու իրավունքների ռազմավարական առաջնահերթությունները պաշտպանության ոլորտում․ ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով աշխատաժողովին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զինված ուժերում կյանքի իրավունքի ապահովման, մահվան և ինքնավնասման դեպքերի կանխարգելման, վատ վերաբերմունքի և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման, ինչպես նաև զինծառայողների ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանն առնչվող խնդիրներին։
Պաշտպանի ներկայացուցիչը կարևորել է, որ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները լինեն ոչ միայն ձևականորեն ամրագրված, այլև գործնականում իրագործելի, հասցեական և չափելի, նախատեսեն պատասխանատու մարմինների հստակ դերաբաշխում և հնարավորություն տան գնահատելու դրանց իրական ազդեցությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության և խախտումների կանխարգելման վրա։
Աշխատաժողովի շրջանակում աշխատանքային խմբերով քննարկումների արդյունքների հիման վրա անդրադարձ է կատարվել նաև հետագա քայլերի և համապատասխան գործողությունների պլանավորման հարցերին:
