Միացյալ Նահանգներն առաջին անգամ խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել Երկրի ուղեծրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օդային, տիեզերական և կիբեռպատերազմի համաժողովում ելույթ ունենալով՝ Ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքը հայտարարել է, որ այս զենքերն անհրաժեշտ են ամերիկյան ուժերը «զարգացող սպառնալիքներից» պաշտպանելու համար։ Նա չի մանրամասնել զենքի հնարավորությունները և չի նշել, թե երբ են դրանք ուղեծիր դուրս բերվել։
Ըստ հրապարակման՝ տիեզերքի, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների ուսումնասիրության և օգտագործման գործում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագիրը բաց է այլ երկրների ստորագրման համար:
2019 թվականին Միացյալ Նահանգները 70 տարվա ընթացքում առաջին անգամ ստեղծել է զինված ուժերի նոր ճյուղ՝ Տիեզերական ուժերը։ 2025 թվականին նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Տիեզերական ուժերը կարող են իրականացնել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական առաքելություններ։
Տիեզերական ուժերի խոսնակը պարզաբանել է, որ այս նպատակների համար իրենք ունեն «կինետիկ և ոչ կինետիկ հնարավորություններ»։2024 թվականին Միացյալ Նահանգները հայտնել է, որ Ռուսաստանը արձակել է արբանյակ, որը, հավանաբար, ունակ է հարձակվել այլ արբանյակների վրա։ Ռուսաստանը չի մեկնաբանել այս հայտարարությունը։
ԱՄՆ տիեզերական ուժերում նշում են, որ Չինաստանը «ռազմական արդիականացման ռազմավարության շրջանակներում մշակում և կիրառում է տիեզերական և հակատիեզերական կարողություններ», իսկ Ռուսաստանը «տիեզերքը դիտարկում է որպես ռազմական գործողությունների թատերաբեմ և տիեզերքում գերիշխանությունը համարում է վճռորոշ գործոն ապագա հակամարտություններում»։
