«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է բարձր մակարդակի բաց քննարկման, որի առանցքում երկրի ներքին անվտանգության, ինստիտուցիոնալ կայունության, քաղաքացիական պաշտպանության և հասարակության դիմակայունության ամրապնդման հարցերն էին։
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Անդրադառնալով պետության ներսում կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանն ու հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու պատրաստվածությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ որևէ երկիր չի կարող պնդել, թե լիարժեք պաշտպանված է աշխարհում առկա բոլոր մարտահրավերներից։ Հայաստանն այս համատեքստում ոչ միայն ճանաչել է հիբրիդային սպառնալիքները որպես իրական խնդիր, այլև մշակել է դրանց արդյունավետ արձագանքելու համակարգված մոտեցումներ։
Նախարարի խոսքով՝ այդ սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից անկյունաքարային է պետության և քաղաքացու միջև վստահությունն ու թափանցիկ հաղորդակցությունը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ներքին անվտանգության ապահովումը պետության առաջնահերթություններից է, առանց որի անհնար է խոսել տնտեսական աճի, զբոսաշրջության զարգացման կամ երկրի ընդհանուր դիմակայունության ամրապնդման մասին։
Պետություն–քաղաքացի հարաբերությունների համատեքստում Արփինե Սարգսյանն անդրադարձել է քաղաքացիության ինստիտուտի վերաարժևորմանը միտված քայլերին։ Նա ընդգծել է, որ քաղաքացիությունը պետության և անձի միջև կայուն կապ է՝ փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով, ուստի դրա շնորհման և դադարեցման ընթացակարգերը պետք է արտահայտեն այդ կապի բովանդակությունն ու նշանակությունը։
«ՀՀ քաղաքացիությունը մեզ համար՝ որպես պետություն, արժեք է և այդ արժեքը հավասարապես վերաբերելի պետք է լինի և պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը։ Եվ այս արժեքից հրաժարումը՝ քաղաքացիության դադարեցումը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի»,-նշել է ՆԳ նախարարը։
