ՀՀ ֆինանսների նախկին նախագահ, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ 71-ամյա Գագիկ Խաչատրյանի ապօրինի կալանավորման որոշումը 27 օր անց դեռևս չի տրամադրվել ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ նրա պաշտպանական թիմին։ Պաշտպանական թիմը սա գնահատում է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտում (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)։
Այժմ Գագիկ Խաչատրյանը կալանքը կրում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ զրկված լինելով առողջության պահպանման համար նվազագույն միջոցներից՝
-հաշմանդամության համար նախատեսված կարևոր պայմանների բացակայություն,
-տարբեր բյուրոկրատական ընթացակարգերի հղում անելով՝ չի թույլատրվում իր ընտրած բժշկին տեսակցել-զննել նրան։
Այս ամենով հանդերձ, արձանագրում ենք, որ դատարանի կողմից կալանավորման որոշումը չտրամադրելով՝ Գագիկ Խաչատրյանը արդեն 27 օր զրկված է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքից օգտվելուց։ Բացի դա, թվացյալ իրավական ճգնաժամ է առաջանում Գագիկ Խաչատրյանի գործով, քանի որ երկու ամսվա կալանավորման որոշումից հետո Գագիկ Խաչատրյանը և իր պաշտպանները չեն կարողացել հատուկ վերանայման բողոք ներկայացնել և հետևաբար փաստացի զրկվել են այդ կարևոր իրավունքից օգվելուց։ Սա արդեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտում է։
Գագիկ Խաչատրյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել նրա ձերբակալությունների և կալանավորման օրինականության, ինչպես նաև դատական ստուգման անարդյունավետության հիմքերով։
Դիմումով ներկայացվել է, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալություններն իրականացվել են կամայական և անհամաչափ կերպով, չնայած շտապօգնության երկու խմբերի կողմից նրա տեղափոխումը բժշկական առումով անթույլատրելի գնահատելուն և հոսպիտալացման անհրաժեշտության արձանագրմանը, նրան ուժով դուրս են բերել անկողնուց և պատգարակով տեղափոխել Քննչական կոմիտե, որտեղ նրա վիճակը վատացել է, սակայն դա չի խոչընդոտել այնուամենայնիվ նրան պատգարակով դատարան ներկայացնելուն։
Դիմումում ներկայացվել է, որը վերը նշված հանգամանքները հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտմանը։
