Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։
գ)Ազգային-Եկեղեցական ժողովի և Եկեղեցու կանոնադրության հարցերը։ Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվում Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման և Եկեղեցու միասնական կանոնադրության բացակայության հարցերին։ Նույնիսկ այն դեպքում, երբ անհրաժեշտ է եկեղեցական բարեփոխում, դրա անհրաժեշտության փաստը ինքնին չի ստեղծում պետական իշխանության իրավասություն՝ որոշելու այդ բարեփոխման բովանդակությունը, ժամանակացույցը կամ արդյունքը։ Եթե Եկեղեցին ունի կանոնական կամ կազմակերպչական խնդիրներ, դրանց լուծման ճանապարհը պետք է գտնվի Եկեղեցու համապատասխան ժողովական և կանոնական մարմինների միջոցով։ Աշխարհի որևէ Եկեղեցում՝ որը մաս է կազմում ընդհանրական Եկեղեցու, բարեփոխումը կարող է լինել Եկեղեցու ներքին անհրաժեշտություն, սակայն այն չի կարող դառնալ պետական կառավարման ծրագիր։
դ) Սփյուռքի թեմերի վերաբերյալ գնահատականների մասին։ Մեզ համար հատկապես դատապարտելի է զեկույցում Սփյուռքի տարբեր թեմերի վերաբերյալ ներկայացված ընդհանրացումները։ Ռումինիայի հայոց թեմը չի կարող ընդունել որևէ արտաքին գնահատական որպես իր թեմական կյանքի վերաբերյալ վերջնական և ամբողջական նկարագրություն, եթե այդ գնահատականը չի հիմնված տվյալ թեմի իրավասու մարմինների դիրքորոշման, փաստական ուսումնասիրության և իրական համայնքային կյանքի վրա։ Ռումինիայի հայոց թեմի կյանքը, նրա հոգևոր, համայնքային, մշակութային և կրթական գործունեությունը չի կարող գնահատվել միայն երրորդ անձանց հայտարարությունների կամ արտաքին հրապարակումների հիման վրա։ Նախ Յուրաքանչյուր թեմ ունի իր առանձնահատուկ պատմությունը, պայմանները և համայնքային իրականությունը, և այդ իրականությունը պետք է ներկայացվի ճշգրիտ ու պատասխանատու կերպով: Երկրորդ, այս կերպով ՀՀ կառավարությունը, չարաշահելով իր լիազորությունների սահմանները, փաստացի միջամտում է մի հոգևոր կառույցի ներքին կյանքին, ում հարաբերությունները կարգավորվում են ի հոգևորս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, իսկ իրավական առումով Ռումին պետության հետ: Սա կարող է դիտվել նաև որպես միջամտություն Ռումինիայի ներքին գործերին, ինչը նաև կարող է անգամ պատճառ հանդիսանալ, որ թեմը վերջնականապես կտրվի Մայր Աթոռից:
Եզրակացություն։ Ռումինիայի հայոց թեմը արձանագրում է, որ հրապարակված զեկույցը, իր փաստագրական և վերլուծական մասից բացի, անցնում է Եկեղեցու ներքին կառավարման վերաբերյալ կոնկրետ առաջարկությունների, այդ թվում՝ Հայրապետական իշխանության և ապագա ընտրական գործընթացի վերաբերյալ մտածացին առաջարկությունների։ Այդ հանգամանքը առաջ է բերում պետություն–Եկեղեցի հարաբերությունների սահմանների վերաբերյալ լուրջ իրավական և սահմանադրական հարցեր։ Մենք համոզված ենք, որ Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի ճշմարտության, փոխադարձ հարգանքի, երկխոսության, իրավականության և, առաջին հերթին, Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով։ Ռումինիայի հայոց թեմը վերահաստատում է իր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ամենայն Հայոց Հայրապետին, Եկեղեցու դարավոր նվիրապետական և կանոնական կարգին և մեր Սուրբ Եկեղեցու միասնականությանը։ Մենք չենք պնդում, որ Եկեղեցու կյանքում չկան խնդիրներ կամ որ եկեղեցական կառույցները չեն կարող բարեփոխվել։ Ընդհակառակը՝ յուրաքանչյուր հաստատություն, այդ թվում՝ Եկեղեցին, կարող է և պետք է մշտապես քննի իր գործունեությունը, շտկի թերությունները և կատարելագործի իր ծառայությունը։ Սակայն այդ գործընթացը պետք է իրականացվի Եկեղեցու ներսում, Եկեղեցու կողմից և Եկեղեցու կանոնական ու ժողովական կարգի համաձայն։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես և յուրաքանչյուր իրավական միավոր, պարտավոր է հարգել օրենքը։ Սակայն նույն սկզբունքը գործում է նաև պետական իշխանության նկատմամբ։ Պետությունը ևս պարտավոր է գործել Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում: Այս սկզբունքը միայն Հայ Եկեղեցու կամ Հայաստանի ներպետական իրավունքի առանձնահատկությունը չէ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը պաշտպանում է մտքի, խղճի և կրոնի ազատությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը բազմիցս ընդգծել է, որ կրոնական համայնքի կյանքին մասնակցությունը ներառում է նաև համայնքի ներքին կազմակերպումը, իսկ կրոնական կազմակերպությունների նկատմամբ իր կարգավորիչ լիազորություններն իրականացնելիս պետությունը պարտավոր է պահպանել չեզոքություն և անաչառություն։ Սա նշանակում է, որ պետության և Եկեղեցու հարաբերություններում պետության դերը չի կարող վերածվել որևէ կրոնական համայնքի ներքին ղեկավարության ընտրության կամ պարտադրման գործիքի։
Պետության առաքելությունն է ապահովել օրենքի գերակայությունը, արդարադատությունը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Եկեղեցու առաքելությունն է Ավետարանի քարոզությունը, հավատքի պահպանումը, հոգևոր ծառայությունը և իր նվիրապետական ու կանոնական կարգի համաձայն հավատացյալների առաջնորդությունը։ Ռումինիայի հայոց թեմը կարևորում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին խնդիրների լուծման գործընթացը մնա Եկեղեցու կանոնական և ժողովական իրավասության շրջանակում, իսկ պետական իշխանությունները լիարժեքորեն հարգեն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ճանաչված Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։
Մեր Տիրոջ խոսքերը, որոնք դարեր շարունակ առաջնորդել են Քրիստոսի Եկեղեցուն, այսօր ևս պահպանում են իրենց ամբողջական իմաստը. «Տվե՛ք կայսրինը՝ կայսրին, և Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22:21)։ Այս խոսքը պետության դեմ ուղղված կոչ չէ։ Այն հիշեցում է այն պարզ և հիմնարար ճշմարտության մասին, որ յուրաքանչյուր իշխանություն ունի իր սահմանները, յուրաքանչյուր կառույց՝ իր իրավասությունը, իսկ Եկեղեցու կյանքը պետք է առաջնորդվի իր հավատքով, կանոններով և դարավոր նվիրապետական կարգով»,- ասվում է հայտարարությունում։
