Flydubai ավիաընկերությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել բոլոր չվերթերը դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Boeing 737 MAX 8 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի քննության ընթացքում:
Այս մասին հայտնում է DW-ն։
«Ժամանակավոր դադարեցումը հնարավորություն կտա համապատասխան մարմիններին շարունակելու իրենց աշխատանքը և պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները»,- հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ավիաընկերությունը «սերտորեն համակարգում է իր գործողությունները» Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության և մյուս «շահագրգիռ կողմերի» հետ։ Թռիչքները վերսկսելու որոշումը կկայացվի «լրացուցիչ տեղեկությունների ստացմանը զուգընթաց»։
Նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը պահանջել էր չեղարկել Flydubai-ի բոլոր չվերթերը դեպի Իսրայել։
Նա կոչ էր արել Քաղաքացիական ավիացիայի վարչությանը հետաքննել՝ արդյոք ԱՄԷ-ն չի՞ խախտել Իսրայելի հետ կնքված ավիացիոն համաձայնագիրը, որի համաձայն՝ երկրում կարող են վայրէջք կատարել միայն այն օդաչուները, որոնք ունեն Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների անձնագրեր։
Ինչպես հայտնել ենք, Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ուղևորատար ինքնաթիռը օդանավի առևանգման ազդանշան է տվել, այնուհետև վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում:
Միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել խցիկում օդաչուների միջև եղած կռվի պատճառով: Միջադեպի հանգամանքները պարզելու համար կատարվում է հետաքննություն:
