102 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Եվա Մարի Սենթը, ով «Օսկար» էր ստացել իր առաջին՝ «Նավահանգստում» («On the Waterfront») ֆիլմում ունեցած դերակատարման համար և նկարահանվել էր Ալֆրեդ Հիչքոքի «Հյուսիսից հյուսիս-արևմուտք» («North by Northwest») թրիլերում։ Գրում է Radar-ը:
Սենթը, ում դերասանական կարիերան շարունակվել է անգամ 90 տարեկանից հետո, մահացել է երեքշաբթի՝ Լոս Անջելեսի իր տանը։ Մահվան մասին հայտնել է ընտանիքի ներկայացուցիչ Ջեֆ Սանդերսոնը։
Եվա Մարի Սենթը կինոյում ունեցել է հոլիվուդյան ամենատպավորիչ նորամուտներից մեկը։ 1954 թվականին «Նավահանգստում» ֆիլմում դերակատարման համար նա արժանացել է «Օսկարի»՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհին հղի էր իր առաջնեկով։
Հոլիվուդում իր առաջին տասնամյակի ընթացքում Սենթը նկարահանվել է ընդամենը յոթ ֆիլմում և հրաժարվել մի շարք խոշոր նախագծերից։ Չնայած դրան՝ ստուդիաները շարունակում էին նրան գլխավոր դերեր առաջարկել։
Նրա կարիերայի կարևորագույն դերերից մեկը դարձել է Հիչքոքի «Հյուսիսից հյուսիս-արևմուտք» ֆիլմում մարմնավորած կերպարը, որտեղ նա նկարահանվել է Քերի Գրանտի կողքին։
1990 թվականին Սենթը «People Like Us» մինի սերիալում դերակատարման համար արժանացել է «Էմմի» մրցանակի։
Նա շարունակել է նկարահանվել նաև 21-րդ դարում՝ ընդգրկվելով «Because of Winn-Dixie», «Superman Returns» և «Winter’s Tale» ֆիլմերում։
Եվա Մարի Սենթը 65 տարի ամուսնացած է եղել հեռուստատեսային և թատերական ռեժիսոր Ջեֆրի Հեյդենի հետ։ Նրանք միասին են եղել մինչև Հեյդենի մահը՝ 2016 թվականը։
Դերասանուհին երկու երեխա ուներ՝ որդին՝ Դարելը, և դուստրը՝ Լորեթը։
