- Արցախի հայկական եկեղեցիների և հոգևոր-մշակութային ժառանգության ներկայիս վիճակն ինչպե՞ս կգնահատեք։ Որո՞նք են այսօր առավել մեծ վտանգի տակ գտնվող հուշարձանները։
Եթե գնահատենք Արցախի հայկական եկեղեցիների և հոգևոր-մշակութային ժառանգության ներկայիս վիճակը, ապա պետք է շատ հստակ արձանագրել՝ մենք գործ ունենք ոչ թե առանձին հուշարձանների վնասման, այլ հայկական մշակութային ժառանգության համակարգային վտանգման հետ։
Այսօր Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախում հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, գերեզմանոցները, հուշարձաններն ու պատմական շինությունները գտնվում են տարբեր աստիճանի վտանգի ներքո։ Խնդիրը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ։ Ոչ պակաս վտանգավոր են հուշարձանների պատմական և հայկական ինքնության խեղաթյուրումը, անվանափոխությունը, ճարտարապետական միջամտությունները, պատմական միջավայրի փոփոխությունը և դրանց այլ մշակութային ավանդույթների շրջանակում ներկայացնելու փորձերը։
Մենք արդեն ունենք անդառնալի կորուստների փաստեր։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի ոչնչացումը դրա ամենավառ օրինակներից է։ Նույնպես ոչնչացվել կամ ծանր վնասվել են մի շարք այլ հայկական հուշարձաններ, իսկ որոշ դեպքերում ոչնչացման թիրախ են դարձել ոչ միայն առանձին կառույցները, այլև ամբողջ պատմական միջավայրերը, բնակավայրեր և գերեզմանոցները։
Առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն Շուշիի Սուրբ Ամենափրկիչը, Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև մյուս բնակավայրերում գտնվող եկեղեցիները, խաչքարերն, հուշահմալիները, հայկական գերեզմանոցները և այլ հուշարձաններ։ Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք պետք է ընդգծել․ կանգուն լինելը դեռևս չի նշանակում պահպանված լինել։ Եթե հուշարձանի շուրջ փոխվում է պատմական միջավայրը, հեռացվում են հայկական հետքերը, վնասվում են արձանագրությունները կամ խաչքարերը, ապա դա նույնպես մշակութային ժառանգության պահպանության լուրջ խախտում է։
Մեր արձանագրած տվյալները, արբանյակային մշտադիտարկումը, բաց աղբյուրների վերլուծությունը և ադրբեջանական պաշտոնական ու ոչ պաշտոնական հրապարակումները թույլ են տալիս փաստագրել այս գործընթացի շարունակական բնույթը։ Եվ հենց այստեղ է միջազգային հանրության պատասխանատվությունը։
Մենք պահանջում ենք ոչ թե քաղաքական հայտարարություններ, այլ միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության մեխանիզմների գործադրում։ Յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա փաստագրված վիճակ, պետք է իրականացվի անկախ միջազգային մշտադիտարկում, իսկ արձանագրված վնասի կամ ոչնչացման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա իրավական փաստաթղթավորման առարկա։
Արցախի հայկական մշակութային ժառանգությունը միայն հայ ժողովրդի ժառանգությունը չէ։ Այն նաև տարածաշրջանի և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն է։ Հետևաբար դրա ոչնչացման կամ ինքնության խեղաթյուրման նկատմամբ լռությունը չի կարող դիտարկվել որպես չեզոքություն։
Այսօր մեր հիմնական պահանջն է՝ պահպանել այն, ինչ դեռ կանգուն է, փաստագրել այն, ինչ արդեն ոչնչացվել է, կանխել հետագա կորուստները և ապահովել պատասխանատվության անխուսափելիությունը։
Եվ ես ուզում եմ առանձնահատուկ շեշտել՝ մշակութային ժառանգության պահպանումը չի կարող կախված լինել քաղաքական իրավիճակի փոփոխությունից։ Հուշարձանները չունեն քաղաքական սահմաններ։ Դրանք ունեն պատմություն, ինքնություն և իրավական պաշտպանություն։
Ուստի Արցախի հայկական ժառանգության հարցը պետք է մշտապես մնա միջազգային օրակարգում՝ մինչև դրա ամբողջական և արդյունավետ պաշտպանության միջազգային մեխանիզմների ստեղծումը։
- Կա՞ արդյոք միջազգային իրավական կամ այլ մեխանիզմ, որի միջոցով հնարավոր է պահանջել Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանություն և կանխել դրա վնասումը կամ ինքնության փոփոխությունը։
Այո՛։ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության և դրա նկատմամբ հնարավոր վնասների, ոչնչացման, յուրացման կամ պատմամշակութային ինքնության փոփոխության կանխարգելման համար գոյություն ունեն միջազգային իրավական և այլ մեխանիզմներ։
Մասնավորապես, մշակութային ժառանգության պաշտպանության հարցը կարգավորվում է միջազգային մարդասիրական իրավունքի, մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների, UNESCO-ի համապատասխան մեխանիզմների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգի շրջանակներում։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև գործի շրջանակում ընդունված ժամանակավոր միջոցը, որով Ադրբեջանին վերապահվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները կանխելու և պատժելու պարտավորություններ։
Միաժամանակ, միջազգային իրավական պաշտպանության արդյունավետությունը մեծապես կախված է փաստերի պատշաճ, շարունակական և մասնագիտական փաստաթղթավորումից։ Հետևաբար անհրաժեշտ է համակարգված կերպով արձանագրել մշակութային ժառանգության յուրաքանչյուր օբյեկտի վիճակը, դրա նկատմամբ կատարված փոփոխությունները, վնասման կամ ոչնչացման դեպքերը, ինչպես նաև հայկական մշակութային և պատմական ինքնության հնարավոր աղավաղման կամ վերացման դրսևորումները։
Այս ուղղությամբ կարևոր են արբանյակային մոնիթորինգը, լուսանկարների և տեսանյութերի համադրումը, արխիվային նյութերի հավաքագրումը, միջազգային և ադրբեջանական աղբյուրների ուսումնասիրությունը և փաստերի անկախ փորձագիտական վերլուծությունը։ Հավաքագրված տվյալները կարող են ներկայացվել միջազգային իրավասու կառույցներին՝ որպես մշակութային ժառանգության պահպանության և միջազգային պատասխանատվության ապահովման հիմք։
Ուստի Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը պետք է դիտարկել որպես շարունակական միջազգային իրավական, փաստահավաք, փորձագիտական և դիվանագիտական գործընթաց՝ նպատակ ունենալով ոչ միայն արձանագրել արդեն իսկ կատարված վնասները, այլև կանխել հետագա ոչնչացումը և հայկական մշակութային ժառանգության պատմական ինքնության փոփոխությունը։
- Ի՞նչ կարող են անել լրագրողները և լրատվամիջոցները Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցում՝ բացի առանձին դեպքերի մասին հրապարակումներ անելուց։
Լրագրողների և լրատվամիջոցների դերը չպետք է սահմանափակվի Արցախի մշակութային ժառանգության առանձին հուշարձանների վնասման կամ ոչնչացման մասին փաստերի արձանագրմամբ։ Անհրաժեշտ է համակարգային և երկարաժամկետ լրագրողական աշխատանք, որը կարող է նպաստել ժառանգության փաստագրմանը, միջազգային հանրության իրազեկմանը և պատասխանատվության մեխանիզմների ձևավորմանը։
Կարևոր ուղղություններն են՝
- Հետաքննական լրագրություն – ուսումնասիրել ոչ միայն առանձին դեպքերը, այլև մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականության ամբողջական պատկերը՝ օգտագործելով արբանյակային պատկերներ, արխիվային նյութեր, հին լուսանկարներ, քարտեզներ և բաց աղբյուրների տվյալներ։
- Շարունակական մոնիթորինգ և տվյալների բազաների ստեղծում – ստեղծել առանձին հուշարձանների և մշակութային արժեքների վերաբերյալ երկարաժամկետ լրագրողական արխիվներ՝ «մինչև–հետո» լուսանկարներով, ժամանակագրությամբ և ստուգված աղբյուրներով։
- Միջազգային հանրության իրազեկում – նյութերը պատրաստել ոչ միայն հայերեն, այլև անգլերեն, ֆրանսերեն և այլ միջազգային լեզուներով՝ դրանք հասցնելով միջազգային լրատվամիջոցներին, հետազոտական կենտրոններին, իրավապաշտպան և մշակութային կազմակերպություններին։
- Փաստերի ստուգում և հակազդում կեղծ պատմագրությանը – լրագրությունը պետք է հնարավորություն տա մասնագիտական աղբյուրների միջոցով ստուգել և հանրությանը ներկայացնել մշակութային ժառանգության ծագման, պատկանելիության և պատմության վերաբերյալ հակասական պնդումները։
- Մասնագիտական ցանցերի ձևավորում – լրագրողները կարող են համագործակցել պատմաբանների, մշակութային ժառանգության մասնագետների, արբանյակային մոնիթորինգ իրականացնող կառույցների, իրավաբանների և արխիվագետների հետ՝ նյութերը դարձնելով ոչ միայն տեղեկատվական, այլև ապացուցողական։
- Թվային արխիվների և տեսողական պատմությունների ստեղծում – լուսանկարների, տեսանյութերի, քարտեզների, 3D նյութերի և վկայությունների միջոցով ձևավորել հասանելի թվային շտեմարան, որը կպահպանի նաև այն ժառանգության հիշողությունը, որի ֆիզիկական գոյությունը կարող է վտանգված լինել։
- Պատասխանատվության և միջազգային իրավական գործընթացների լուսաբանում – հետևել միջազգային կառույցների, դատարանների և այլ համապատասխան մարմինների արձագանքներին, ինչպես նաև ուսումնասիրել՝ ինչ քայլեր են ձեռնարկվում մշակութային ժառանգության պաշտպանության և հնարավոր խախտումների արձանագրման ուղղությամբ։
- Մարդկային պատմությունների պահպանում – ներկայացնել ոչ միայն քարե հուշարձանը, այլև դրա հետ կապված մարդկանց հիշողությունները, ավանդույթները, լուսանկարները, ծեսերը և համայնքային պատմությունը։ Այս կերպ լրագրությունը դառնում է նաև ոչ նյութական ժառանգության պահպանման գործիք։
Իմ կարծիքով՝ ամենակարևոր փոփոխությունը պետք է լինի մոտեցման մեջ․ լրագրողը չպետք է միայն արձանագրի արդեն կատարված վնասը, այլ պետք է ձևավորի փաստերի այնպիսի համակարգված շտեմարան, որը տարիներ անց կարող է ծառայել որպես պատմական, գիտական և իրավական ապացույց։ Արցախի պարագայում սա հատկապես կարևոր է, քանի որ մշակութային ժառանգության նկատմամբ վտանգները շարունակական են, իսկ յուրաքանչյուր չփաստագրված հուշարձան կամ չպահպանված վկայություն կարող է նշանակել պատմական հիշողության անդառնալի կորուստ։
- Ձեր գործունեության ընթացքում ո՞ր դեպքն է Ձեզ համար առավել վառ ցույց տվել, թե որքան արագ կարող է մշակութային ժառանգությունը վերափոխվել կամ անհետանալ։
Իմ գործունեության ընթացքում այդ առումով ամենավառ օրինակներից մեկը Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ տեղի ունեցած փոփոխություններն են հատկապես 2020 թվականի պատերազմից հետո և 2023 թվականի բռնի տեղահանությունից ու տարածքի ամբողջական բռնազավթումից հետո։
Մշտադիտարկման և հետազոտական աշխատանքի ընթացքում բազմիցս արձանագրել եմ, թե որքան արագ կարող է տարիների կամ նույնիսկ դարերի ընթացքում ձևավորված մշակութային ժառանգությունը վնասվել, փոխակերպվել կամ անհետանալ։ Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա․ յուրաքանչյուր հուշարձան իր կարևորությունն ունի։ Չկա «փոքր» կամ «երկրորդական» հուշարձան, եթե այն կապված է տվյալ ժողովրդի, համայնքի, բնակավայրի կամ ընտանիքների պատմական հիշողության հետ։
Եկեղեցին, խաչքարը, գերեզմանատունը, հուշարձանը, հուշաքարը, պատմական բնակելի շենքը կամ նույնիսկ առանձին մշակութային միջավայրի տարրը կարող են առաջին հայացքից տարբեր նշանակություն ունենալ, սակայն դրանցից յուրաքանչյուրն առանձին վկայություն է պատմության մասին։ Մի հուշարձանի կորուստը միայն մեկ քարե կամ ճարտարապետական կառույցի կորուստ չէ․ այն կարող է նշանակել նաև տվյալ վայրի հիշողության, ինքնության և պատմական վկայության կորուստ։
Ինձ համար հատկապես մտահոգիչ է այն, որ մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է տեղի ունենալ շատ ավելի արագ, քան դրա ուսումնասիրությունն ու վերականգնումը։ Հնարավոր է դարերով պահպանված հուշարձանը մի քանի ամսում կամ նույնիսկ օրերի ընթացքում ստանա անդառնալի վնաս։
Այդ պատճառով իմ աշխատանքում կարևոր տեղ է զբաղեցնում ոչ միայն առավել հայտնի և նշանակալի հուշարձանների, այլև յուրաքանչյուր առանձին մշակութային արժեքի փաստագրումը և մշտադիտարկումը։ Յուրաքանչյուր հուշարձան պատմության մի մասն է, իսկ այդ մասն այլևս հնարավոր չէ վերականգնել, եթե այն ամբողջությամբ անհետանա։
Այս փորձն ինձ համար ևս մեկ անգամ ցույց է տվել, որ մշակութային ժառանգության պահպանության հարցում ուշացած արձագանքը կարող է հավասարվել կորստի։ Հետևաբար անհրաժեշտ է ժամանակին փաստագրել, ուսումնասիրել, թվայնացնել և պաշտպանել նույնիսկ այն հուշարձանները, որոնք այսօր կարող են երկրորդական թվալ։ Որովհետև վաղը դրանց գոյությունը կարող է դառնալ պատմական հիշողության պահպանման միակ վկայությունը։
- Եթե Արցախի հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ առաջիկա մեկ տարվա ընթացքում հնարավոր լիներ իրականացնել միայն մի քանի առաջնահերթ քայլեր, որո՞նք պետք է լինեին դրանք։
Ստեղծելով միասնական, թարմացվող տվյալների բազա՝
Միջազգային իրավական պաշտպանության մեխանիզմների ակտիվացում – յուրաքանչյուր հաստատված վնասման, ոչնչացման, վերակառուցման կամ ինքնության խեղաթյուրման դեպքի վերաբերյալ պատրաստել իրավականորեն հիմնավորված փաստաթղթեր և դրանք ներկայացնել միջազգային դատարաններին, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային կառույցներին՝ պահանջելով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարում և արդյունավետ վերահսկողություն։
Թվային արխիվի և «կարմիր ցուցակի» ստեղծում – բարձրարժեք հուշարձանների համար ստեղծել մանրամասն թվային անձնագրեր՝ պատմական նկարագրությամբ, քարտեզագրական տվյալներով, լուսանկարներով, 3D/արբանյակային նյութերով և դրանց ներկայիս վիճակի արձանագրությամբ։ Առանձին «կարմիր ցուցակում» ներառել առավել վտանգված հուշարձանները։
Միջազգային հանրային և ակադեմիական իրազեկման ուժեղացում – փաստահեն զեկույցների, քարտեզների, գիտական հոդվածների, ցուցահանդեսների և միջազգային գիտաժողովների միջոցով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ներկայացնել ոչ միայն որպես առանձին հուշարձանների վնասման դեպքերի շարք, այլև որպես համակարգային մշակութային ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման քաղաքականություն։
Պահանջատիրության և վերադարձի իրավունքի ամրագրում – զուգահեռաբար մշակել հայկական մշակութային արժեքների պահպանության, վերադարձի և հետագա վերականգնման միասնական ռազմավարություն՝ ընդգծելով, որ Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել միայն հուշարձանների ֆիզիկական պահպանությամբ․ այն ներառում է նաև դրանց հայկական ինքնության, պատմական անվանումների, մշակութային նշանակության և Արցախի հայության՝ սեփական ժառանգության նկատմամբ իրավունքների պահպանումը։
- Ի՞նչ իրավական կարգավիճակ ունեն հայկական եկեղեցիները։ Միջազգային իրավունքի տեսանկյունից արդյոք համարվու՞մ են Ադրբեջանի Հանրապետության սեփականություն։
Հայկական եկեղեցիները, վանքերը և մյուս հայկական կրոնական ու մշակութային ժառանգության օբյեկտները ո՛չ իրավական, ո՛չ պատմական առումով Ադրբեջանի Հանրապետության սեփականությունը չեն և չեն կարող այդպիսին համարվել միայն այն հանգամանքի հիմքով, որ Արցախի տարածքը ներկայում ժամանակավորապես բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Հայկական եկեղեցիների պատմական պատկանելության հարցը պետք է դիտարկել դրանց ստեղծման, պատմական գործառույթի, եկեղեցական իրավասության, համայնքային օգտագործման, սեփականության և իրավական կարգավիճակի ամբողջական համատեքստում։ Դրանց պատմական գոյությունը և հայկական եկեղեցական ու մշակութային համակարգի մաս կազմելը որևէ կերպ չի վերածվում Ադրբեջանի սեփականության իրավունքի՝ տարածքի նկատմամբ հետագա քաղաքական, վարչական կամ ռազմական ներխուժման և բռնազավթման հետևանքով։
Առանձնապես կարևոր է ընդգծել, որ բռնազավթումը և սեփականության իրավունքը իրավական առումով սկզբունքորեն տարբեր կատեգորիաներ են։ Արցախի տարածքի՝ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված լինելը ինքնին չի ստեղծում այդ տարածքում գտնվող հայկական եկեղեցիների և վանքերի նկատմամբ սեփականության իրավունք։ Բռնազավթումը չի առաջացնում սեփականության իրավունք և չի կարող բռնազավթված տարածքում գտնվող մշակութային ու կրոնական արժեքների պատմական պատկանելությունը փոխել։
Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ բռնազավթող պետությունը չի դառնում բռնազավթված տարածքի մշակութային ժառանգության սեփականատերը։ Ընդհակառակը՝ նրա վրա դրվում են այդ ժառանգության պահպանության և պաշտպանության հատուկ պարտավորություններ։
Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Դատարանը Ադրբեջանի նկատմամբ սահմանեց պարտադիր ժամանակավոր միջոց, որով վերջինիս պարտավորեցրեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, գերեզմանատների և այլ մշակութային օբյեկտների նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները։
Հետևաբար, Արցախի ժամանակավոր բռնազավթումը որևէ կերպ չի որոշում հայկական եկեղեցիների և վանքերի իրավական կամ պատմական պատկանելությունը։ Բռնազավթման փաստը չի կարող վերածվել սեփականության իրավունքի, իսկ ռազմական կամ քաղաքական ուժի կիրառմամբ ստեղծված փաստացի իրավիճակը չի կարող հետադարձ ուժով փոխել դարերով ձևավորված մշակութային, պատմական և եկեղեցական պատկանելությունը։
Ուստի Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիները «ադրբեջանական մշակութային ժառանգություն», «Ադրբեջանի սեփականություն» կամ «ադրբեջանական կրոնական հուշարձաններ» ներկայացնելու փորձերը չեն կարող ինքնին իրավական հիմք ստեղծել նման պատկանելության համար։ Արցախի բռնազավթումը չի ստեղծում և չի կարող ստեղծել Ադրբեջանի սեփականության իրավունք հայկական եկեղեցիների նկատմամբ։
Այս համատեքստում անհրաժեշտ է հստակ տարանջատել երեք տարբեր հասկացություններ՝ բռնազավթում, սեփականության իրավունք և պատմամշակութային պատկանելություն։ Բռնազավթումը չի վերածվում սեփականության իրավունքի, իսկ բռնազավթված տարածքի նկատմամբ փաստացի իշխանությունը չի փոխում այնտեղ գտնվող մշակութային ժառանգության պատմական ինքնությունը։
Այսպիսով՝ հայկական եկեղեցիները ո՛չ պատմական, ո՛չ մշակութային և ո՛չ էլ ինքնաբերաբար իրավական հիմքով Ադրբեջանի սեփականությունը չեն։ Արցախի տարածքի ժամանակավոր բռնազավթումը չի որոշում դրանց պատկանելությունը և չի կարող օրինականացնել հայկական եկեղեցիների սեփականության յուրացումը, դրանց հայկական պատմական ինքնության ժխտումը կամ դրանց մշակութային պատկանելության վերագրումը Ադրբեջանին։
Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված տարածքներում գտնվող հայկական եկեղեցիների և վանքերի նկատմամբ նրա միջազգային իրավական պարտավորությունը դրանց պահպանությունն ու պաշտպանությունն է, այլ ոչ թե դրանց սեփականության կամ պատմական ինքնության վերաձևակերպումը։
7.Հայկական եկեղեցիներից կամ մշակութային արժեքներից կա՞ն, որ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ֊ի պաշտպանության ներքո։
Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ այս հարցին պատասխանելիս անհրաժեշտ է տարբերակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում կոնկրետ հուշարձանի կամ հուշարձանախմբի ընդգրկվածությունը և Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում որևէ մշակութային ավանդույթի կամ արվեստի ներառվածությունը։
Մասնավորապես, հայկական խաչքարագործության արվեստն ունի համամարդկային բացառիկ նշանակություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2010 թվականին «Հայկական խաչքարի արվեստ․ խաչքարի սիմվոլիկան և վարպետությունը» ներառել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Սա առանձնահատուկ նշանակություն ունի նաև Արցախի պարագայում՝ ներառյալ, և ոչ բացառությամբ, այնտեղ գտնվող հայկական խաչքարերը։ Արցախի տարածքում գտնվող խաչքարերը հայկական խաչքարագործության բազմադարյա ավանդույթի, գեղարվեստական լեզվի, հոգևոր մշակույթի և պատմական հիշողության կարևոր դրսևորումներ են։ Հետևաբար դրանց ոչնչացումը, վնասումը, տեղահանումը, աղավաղումը կամ ինքնության փոփոխության ենթարկելը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին քարե հուշարձանի նկատմամբ կատարված վնասարար գործողություն, այլև որպես հայկական մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման համակարգին հասցված վնաս։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հստակ ընդգծել, որ խաչքարագործության արվեստի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկված լինելը չի նշանակում, որ Արցախի յուրաքանչյուր հուշարձան ինքնաբերաբար ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում կամ ունի առանձին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության հատուկ կարգավիճակ։
Սակայն այս հանգամանքը որևէ կերպ չի նվազեցնում Ադրբեջանի պատասխանատվության հարցը։ Ընդհակառակը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից խաչքարագործության՝ որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության նշանակալի տարրի ճանաչումը ևս մեկ անգամ ընդգծում է այդ մշակութային ավանդույթի համամարդկային արժեքը։ Հետևաբար այդ ավանդույթի նյութական դրսևորումների՝ խաչքարերի, հուշակոթողների, եկեղեցիների և այլ մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները չեն կարող արդարացվել այն հիմնավորմամբ, թե տվյալ առանձին հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված չէ։
Այս առումով պետք է բացառել այն սխալ ընկալումը, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում չընդգրկված լինելը որևէ պետության տալիս է մշակութային հուշարձանները ոչնչացնելու, աղավաղելու, յուրացնելու կամ դրանց հայկական ինքնությունը վերացնելու իրավունք։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի սահմանափակվում միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում ընդգրկված օբյեկտներով։
Ավելին, Արցախի դեպքում խնդիրը վերաբերում է հայկական մշակութային ժառանգության ամբողջական համակարգի պահպանմանը՝ ներառյալ եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, գերեզմանոցները, հուշարձանները, արձանները, հուշակոթողները և այլ նյութական ու ոչ նյութական արժեքներ։ Հետևաբար դրանց նկատմամբ իրականացված կամ իրականացվող յուրաքանչյուր ապացուցված ապօրինի գործողություն պետք է գնահատվի դրա փաստական հանգամանքների և կիրառելի միջազգային իրավական նորմերի հիման վրա՝ անկախ նրանից՝ տվյալ օբյեկտը ներառվա՞ծ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որևէ ցանկում, թե՞ ոչ։
Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից խաչքարագործության արվեստի համամարդկային արժեքի ճանաչումը ոչ թե սահմանափակում, այլ ընդգծում է հայկական մշակութային ժառանգության պահպանման միջազգային նշանակությունը։ Իսկ Արցախի հայկական խաչքարերի և մյուս մշակութային արժեքների նկատմամբ կատարված հանցագործությունների համար պատասխանատվության հարցը պետք է քննարկվի դրանց կոնկրետ իրավական և փաստական հանգամանքների հիման վրա և չի կարող պայմանավորվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում դրանց առկայությամբ կամ բացակայությամբ։
8.Հաշվի առնելով գործող իշխանությունների հայտնի դիրքորոշումը` հայության ո՞ր հատվածը կարող է մասնակից լինել Ձեր բարձրացրած հարցերին և ինչպե՞ս։
Հաշվի առնելով գործող իշխանությունների՝ Արցախի և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ քաղաքականության առանձնահատկությունները՝ իմ կողմից բարձրացվող հարցերի շուրջ կարևոր դեր կարող են ունենալ առաջին հերթին Արցախի բռնի տեղահանված բնակչությունը,Սփյուռքի հայկական համայնքները, մշակույթի և պատմության ոլորտի մասնագետները, գիտական ու ակադեմիական շրջանակները, իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հայկական եկեղեցական, կրթական և մշակութային կառույցները։
Նրանց մասնակցությունը կարող է իրականացվել մի քանի ուղղություններով՝ փաստերի և վկայությունների հավաքագրմամբ ու փաստագրմամբ, հայկական մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների իրականացմամբ, միջազգային հանրության իրազեկմամբ, իրավական և մասնագիտական առաջարկությունների մշակմամբ, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների պահպանության, հանրահռչակման և միջազգային հարթակներում դրանց պատշաճ ներկայացման միջոցով։
Առանձնահատուկ նշանակություն կարող է ունենալ Արցախի բռնի տեղահանվածների ներգրավումը, քանի որ նրանք ոչ միայն տվյալ ժառանգության անմիջական կրողներն են, այլև իրենց բնակավայրերի, հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների և մշակութային ավանդույթների վերաբերյալ կարևոր առաջնային տեղեկության աղբյուր։ Նրանց փորձը և վկայությունները պետք է համակարգված կերպով ներգրավվեն փաստահավաք և գիտահետազոտական աշխատանքներում։
Միաժամանակ, Սփյուռքի հայկական կառույցների մասնակցությունը կարող է նպաստել միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների, իրավապաշտպան կառույցների և օտարերկրյա հասարակությունների շրջանում հայկական մշակութային ժառանգության խնդիրների առավել արդյունավետ ներկայացմանը։
Այսպիսով, հարցերի բարձրացման և դրանց շուրջ հետևողական աշխատանքի հիմքում կարող է ձևավորվել մասնագիտական և հասարակական լայն համագործակցություն՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։ Իմ նպատակն է մասնագիտական կարողություններն ու փաստագրված տվյալները ծառայեցնել Արցախի և ամբողջ հայկական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և միջազգային հանրահռչակման գործին։
- Հաշվի առնելով սփյուռքում 8 միլիոն հայերի գոյությունը, որոնցից շատերը նաև հայտնի դեմքեր են` արժե՞ արդյոք նրանց հասցեական դիմել։
Հաշվի առնելով սփյուռքում բնակվող միլիոնավոր հայերի, այդ թվում՝ բազմաթիվ ճանաչված գիտնականների, մշակույթի գործիչների, գործարարների, բարերարների, իրավաբանների, լրագրողների և հասարակական գործիչների առկայությունը՝ կարծում եմ, որ նրանց հետ հասցեական և համակարգված աշխատանքը կարող է կարևոր նշանակություն ունենալ։
Սակայն այստեղ խոսքը միայն հայտնի կամ ազդեցիկ անձանց դիմելու մասին չէ։ Սփյուռքը պետք է դիտարկել որպես մեծ մասնագիտական, գիտական, ֆինանսական և հասարակական ներուժ ունեցող համահայկական կառույցների և անհատների ամբողջություն։ Հատկապես Արցախի մշակութային ժառանգության պահպանության և դրա միջազգային ներկայացման հարցում անհրաժեշտ է այդ ներուժը համախմբել և ուղղորդել կոնկրետ նպատակների շուրջ։
Կարելի է իրականացնել անհատական և հասցեական դիմումներ, ներկայացնել արդեն իրականացված աշխատանքը, փաստագրված խնդիրները և առաջարկել համագործակցության հստակ ձևաչափեր՝ գիտական, իրավական, տեղեկատվական, ֆինանսական կամ միջազգային հանրահռչակման ուղղություններով։
Միաժամանակ կարևոր է, որ այդ աշխատանքը լինի ոչ թե պատահական և մեկանգամյա, այլ համակարգված ու շարունակական։ Անհրաժեշտ է ձևավորել մասնագետների, բարերարների, մշակույթի և գիտության ներկայացուցիչների, ինչպես նաև հանրային ազդեցություն ունեցող անձանց շրջանակ, որոնք կարող են երկարաժամկետ ներգրավվել Արցախի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության գործընթացում։
Կարծում եմ՝ այսօր մեր հիմնական խնդիրը ոչ միայն հնարավորությունները թվարկելն է, այլև դրանք ճիշտ կազմակերպելն ու արդյունավետ օգտագործելը։ Սփյուռքի ներուժը շատ մեծ է, և դրա նպատակային համախմբումը կարող է էականորեն ուժեղացնել Արցախի մշակութային ժառանգության պահպանության, փաստագրման և միջազգային հանրահռչակման աշխատանքը։
