Արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծության համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում դիտավորյալ ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը և Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը (🔗 https://www.facebook.com/share/p/1FPUU5qGPX/ ) ։
Արձանագրված ավերածությունները վկայում են ոչ միայն առանձին հուշարձանների ֆիզիկական ոչնչացման, այլև Արցախի հայկական պատմական հիշողության նյութական վկայությունների վերացման շարունակվող վտանգի մասին ։
⚖️ Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական մեծ պատերազմի հիշատակին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար (🔗 https://ukodrf.ru/statya-243-4 )։
Այս իրավական դրույթը կարևոր է այն առումով, որ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների ոչնչացումը չի կարող դիտարկվել որպես սովորական շինարարական կամ տարածքային վերափոխման գործընթաց։ Այն առնչվում է զոհերի հիշատակի, պատմական ժառանգության և հանրային հիշողության պահպանության հիմնարար հարցերին :
📍 Այս քաղաքականության զոհ են դարձել տասնյակ հուշարձաններ և հուշահամալիրներ։ Դրանց ոչնչացումն ու վնասումը հանգեցնում են ոչ միայն առանձին հուշակոթողների կորստի, այլև պատմական միջավայրի ձևափոխմանը, համայնքների հիշողության նյութական հետքերի վերացման և անցյալի մասին վկայող խորհրդանիշների կորստի։
🔻 Շուշի
📌 Շուշիում ամբողջությամբ ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Ներկայում այդ տարածքում կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ՝ հայկական հիշողության ամբողջական վերացման և պատմական միջավայրի վերաձևակերպման նպատակով (🔗 https://monumentwatch.org/…/destruction-of-the…/ )։
📌 Շուշիում ադրբեջանցի բարբարոսները ոչնչացրել են Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված կիսանդրին։
📌 Քանդվել է Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Խորհրդային Միության պետական նշանավոր գործիչ Իվան Թևոսյանի կիսանդրին։
🔻 Հադրութի շրջան
📌 Մեծ Թաղեր գյուղ
Ավերվել են Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին և «ՄիԳ-17» կործանիչ-հուշարձանը։ Այս հուշարձանները ոչ միայն հիշատակի կոթողներ էին, այլև պատմական դարաշրջանի, ռազմական ավանդույթի և հայ ժողովրդի անցած ուղու նյութական վկայություններ։
📌 Ազոխ գյուղ
Ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի, Հայոց ցեղասպանության և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երեք առանձին հուշարձաններ։ Բացի այդ, պղծվել ու ավերվել է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։
🔻 Բերձոր
Քաղաքի կենտրոնում ամբողջությամբ վերացվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը՝ վերացնելով նաև այդ վայրի հետ կապված հանրային հիշողության կարևոր նյութական վկայությունը։
🔻 Ստեփանակերտ
Ոչնչացվել են Խորհրդային միության հերոս ԽՍՀՄ նավատորմի հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Ստեփանի Տեր-Իսահակյան) կիսանդրին և Խորհրդային Միության զորավար և մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի արձանը։ Այս հուշարձանների կորուստը հարված է պատմական հիշողությանն ու Արցախի քաղաքային մշակութային միջավայրին։
🔻 Ասկերանի շրջան
Ասկերանի հուշահամալիրը ևս ամբողջությամբ ոչնչացվել է։
📌 Աստղաշեն
🛰️Համաձայն Google Earth-ի արբանյակային լուսանկարների համեմատական վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանությունները ոչնչացրել են ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում գտնվող՝ Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը (🔗 https://www.facebook.com/share/p/1KzrSWEoXL/ ) Այն կանգնեցվել էր 2012 թվականին՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների։
Նույն ժամանակահատվածում հողին է հավասարեցվել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կառուցվել էր դեռևս 1970-ական թվականներին։
⚠️ Այսպիսով, նույն բնակավայրում ոչնչացվել են տարբեր պատմական ժամանակաշրջանների պատերազմների զոհերի հիշատակին նվիրված երկու հուշարձաններ։ Դրանց կորուստը նշանակում է ոչ միայն հուշակոթողների ֆիզիկական վերացում, այլև սերունդներին փոխանցվող պատմական հիշողության կարևոր նյութական վկայությունների կորուստ։
📌 Այգեստան
🛰️ Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել են Այգեստանում Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարը և գյուղի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը (🔗 https://www.facebook.com/share/p/1C5fTP1PYB/ )։
Այս փաստերը ևս ընդգծում են, որ վտանգի տակ են հայտնվել տարբեր սերունդների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները՝ անկախ դրանց կառուցման ժամանակաշրջանից, պատմական նշանակությունից և համայնքի կյանքում ունեցած դերից։
Խաչքարերն ու հուշարձանները պարզապես քարե կառույցներ չեն։ Դրանք ազգային ինքնության, պատմական շարունակականության, կոլեկտիվ հիշողության և մարդկային կորուստների մասին վկայող նյութական արժեքներ են։ Դրանց ոչնչացումը զրկում է ապագա սերունդներին պատմական անցյալի անմիջական վկայություններից և խաթարում է պատմական միջավայրի ամբողջականությունը։
🔻 Արցախի այլ բնակավայրեր
Հաթերք, Վանք, Եմիշճան, Քարինտակ, Խնածախ, Մարտունի, Ավետարանոց և Արցախի բազմաթիվ այլ բնակավայրերում ավերվել կամ վնասվել են Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններն ու հուշահամալիրները։
❗ Վերոնշյալ ցանկը ամբողջական չէ։ Գրեթե յուրաքանչյուր ամիս արբանյակային նոր լուսանկարները բացահայտում են հերթական ավերածությունները՝ արձանագրելով Արցախի պատմական և մշակութային միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները, հուշարձանների ոչնչացման ու վնասման դեպքերը։
🛰️ Արբանյակային պատկերների համեմատական ուսումնասիրությունը և դրանց հետևողական փաստագրումը կարևոր նշանակություն ունեն այդ գործընթացները բացահայտելու, ժամանակագրությունը վերականգնելու, ապացույցները պահպանելու և միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Միաժամանակ անհրաժեշտ է յուրաքանչյուր արձանագրված դեպքի վերաբերյալ իրականացնել մասնագիտական ստուգում՝ հնարավորության դեպքում համադրելով արբանյակային տվյալները, լուսանկարները, պատմական աղբյուրներն ու այլ անկախ ապացույցները։
🔴 Մշակութային ցեղասպանության վտանգը շարունակվում է իրական ժամանակում, իսկ արձանագրվող ավերածությունների աշխարհագրությունն ու ծավալները տարեցտարի ընդլայնվում են։
🌐 Միջազգային կառույցների, մասնագիտացված կազմակերպությունների և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում գործող հաստատությունների առջև ծառացած է հրատապ խնդիր՝ արձանագրել փաստերը, ապահովել դրանց անկախ ուսումնասիրությունը, պահանջել պատասխանատվություն և ձեռնարկել արդյունավետ քայլեր՝ մշակութային արժեքների հետագա ոչնչացումը կանխելու ուղղությամբ։
🛰️ Անհրաժեշտ է իրականացնել Արցախի պատմական և մշակութային ժառանգության օբյեկտների շարունակական արբանյակային մշտադիտարկում՝ պարբերաբար փաստագրելով դրանց նկատմամբ իրականացվող փոփոխությունները, վնասման, ոչնչացման և վերափոխման դեպքերը։
📢 Պատմական հիշողության ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք։ Յուրաքանչյուր հուշարձան, յուրաքանչյուր խաչքար և յուրաքանչյուր հուշահամալիր պատմական վկայություն է, որի պահպանումը միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է։
📍 Փաստագրել։ Պահպանել պատմական հիշողությունը։ Պահանջել պատասխանատվություն։ Կանխել մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *