Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 3 անշարժ գույք,
- 1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ,
- 1 տրանսպորտային միջոց,
- 3 իրավաբանական անձանցում մասնակցություն,
- բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները,
- 43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ,
- 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
