Հայաստանը Կանադայում դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։
Այս պաշտոնը համատեղվելու է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոնի հետ։
Հայաստանն ու Կանադան արդյունավետ համագործակցում են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչը պաշտպանական ոլորտում առկա փոխգործակցության հնարավորությունների լիարժեք իրացման հուսալի հիմք է հանդիսանում։
Այս փուլում պաշտպանական ոլորտում համագործակցությունը կարող է ընդգրկել հրահանգիչների պատրաստումը, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցությունը, կին զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողությունը, ինչպես նաև ներքին աուդիտի ու հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտում փորձի փոխանակումը, իսկ ապագայում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում պարբերական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, ռազմական կրթությունը, պրոֆեսիոնալ ենթասպաների պատրաստումը, անձնակազմի մարտական պատրաստությունը, ռազմական բժշկությունը, տարբեր մասնագիտական ոլորտներում փորձի փոխանակումն ու այլ ծրագրեր։
Բացի այդ՝ Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ երկկողմ համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը՝ որպես Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև կարևոր կամուրջ։
