Փարիզում ուսանող-ցուցարարները փակել են Լուվրի մուտքը՝ իրենց աջակցությունը հայտնելով ավագ դպրոցի աշակերտների ցույցերին և դատապարտելով «ոստիկանական բռնաճնշումները»։

Թանգարանի ղեկավարությունը և երկու արհմիություններ այս մասին հայտնել են AFP լրատվական գործակալությանը։

Լուվրի դիմաց փակցված թռուցիկում նշվում է, որ ցուցարարները «հպարտությամբ հայտարարում են» աշխարհի ամենամեծ թանգարանի մուտքի փակման մասին։

Թռուցիկում նաև նշվում է, որ որոշում է կայացվել թանգարանի մուտքը փակել, «քանի որ կառավարությունը երիտասարդական բողոքի ցույցերին արձագանքում է միայն ոստիկանական դաժան ճնշումներով»։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում ֆրանսիական մշակույթի նկատմամբ ձեր հետաքրքրության և ուսման, աշխատանքի, ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի համար մեր պայքարին աջակցելու համար», – ասվում է թռուցիկում։

Միջոցառման մասնակիցներից մեկը, որը ֆրանսերեն և անգլերեն լեզուներով թռուցիկներ է բաժանել, ասել է, որ զբոսաշրջիկները ագրեսիվ են վերաբերվում իրենց, քանի որ նրանք վճարել են տոմսի համար և չեն կարող մտնել թանգարան։

Ֆրանսիայում շարունակվում են համազգային բողոքի ցույցերը։ Հոկտեմբերի 19-ի գիշերը Փարիզում տեղի են ունեցել թալան և կողոպուտ։ Օրենքն ու կարգը պահպանելու համար մոբիլիզացված ոստիկանությունը չի կարողացել կանգնեցնել հանցագործներին։

Մեծածավալ բողոքի ցույցերի արդյունքում ամբողջ երկրում ձերբակալվածների թիվը գերազանցել է 2000-ը։

Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է իր համաքաղաքացիներին և մեղադրել ծայրահեղ ձախերին բողոքի ցույցերի ժամանակ բռնությանը աջակցելու մեջ։

Մակրոնը նախորդ օրը ժողովրդին ուղղված տեսաուղերձում ընդունել էր, որ իրավապահների աշխատանքի մեջ թերություններ են եղել՝ պահանջելով պարզել դրանց պատճառները։ Նա խոստացել է ապահովել կատարվածի ամբողջական թափանցիկ քննությունը։

Հոկտեմբերի 17-ին կյանքի թանկացման և կրթական համակարգի խնդիրների դեմ սկսված զանգվածային ցույցերը վերածվել էին իրավապահների հետ բախումների։ Ըստ Le Monde-ի ներկայացրած տվյալների՝ հանգստյան օրերին Ֆրանսիայում ձերբակալվել է շուրջ 2400 մարդ, իսկ 997 ոստիկան, ժանդարմ և հրշեջ տուժել են։

Մակրոնը խոստացել է խիստ պատասխանատվության ենթարկել ջարդարարներին՝ միաժամանակ ընդունելով խաղաղ ցուցարարների պահանջների օրինականությունը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը տեղեկացրել էր 1800 ձերբակալվածների և ավելի քան 500 վիրավորների մասին։ 

Փարիզում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Մի շարք այլ քաղաքներում անկարգություններն ուղեկցվել են հրկիզումներով և թալանով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *