Սվերդլովսկի մարզում բեռնատար գնացքի 20 վագոն դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով բռնկվել է վառելիքով յոթ ցիստեռն։ Ոչ ոք չի տուժել, իսկ երկաթուղային հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչությունից։ Սվերդլովսկի երկաթուղու տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 01:30-ին՝ Ռեշետի—Արամիլ հատվածում։ Վագոնները դուրս են եկել գծից ու փակել նաև հարևան երկաթգիծը, ինչի պատճառով երթևեկությունը կանգ է առել։ Նշվում է, որ այդ հատվածով մարդատար գնացքներ չեն երթևեկում։
ԱԻՆ-ից մանրամասնել են, որ տեղական ժամանակով 04:47-ին հաջողվել է այրվող ցիստեռններն անջատել շարժակազմից։ Վերականգնողական գնացքը կրակից չվնասված 54 վագոնները քարշակելով տեղափոխում է անվտանգ հեռավորության վրա։ Վթարի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է 106 մարդ և 31 միավոր տեխնիկա։ Տեղի բնակիչները պատմել են Astra-ին, որ արթնացել են պայթյունների ձայներից։ «Լուսավոր էր ինչպես ցերեկը», — նշել է ականատեսներից մեկը։ Պայթյուններից հետո դեպի երկինք բարձրացել է բոցը, իսկ առավոտյան նկատվել է սև ծուխ։ Ռոսպոտրեբնադզորում հայտարարել են, որ ցիստեռնների հրդեհի պատճառով կստուգվեն նաև բնակելի թաղամասի օդի որակը։
