Ցավերս չեն մեղմացել, ոնց առաջին օրն էր, այնպես էլ հիմա է, չեմ դիմանում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից տուժած 39-ամյա Անի Ավետիսյանը։

Նրա խոսքով, այս շաբաթ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պատրաստվում են հերթական անգամ վիրահատել իրեն։ Անին նախորդ շաբաթվանից սպասում է վիրահատության օրվա նշանակմանը.
«Դեռ օրը հայտնի չէ, սպասում եմ, այս շաբաթ պետք է նոր վիրահատության օր նշանակեն, նախորդ շաբաթվանից սպասում եմ, հնարավոր էր, որ նախորդ շաբաթ անեին, բայց չարեցին»,- ասաց նա։

Անիի խոսքով՝ առաջիկա վիրահատության ընթացքում ծնկի հատվածում իմպլանտ պետք է տեղադրեն, իսկ ազդրի հատվածում տեղադրված մետաղական կոնստրուկցիաները՝ փոխարինեն։

«Ծունկս, որ փշուր-փշուր էր եղել, պետք է իմպլանտ տեղադրեն, ազդրի հատվածի տեղադրված երկաթներն են փոխելու։ Հիմա պարզապես ֆիքսել են ոտքս։ Հաջորդ վիրահատության նպատակն այն է, որ նպաստի ոսկորի աճեցմանը»,- պատմեց Անին։

Անին ասում է, որ հոգեպես արդեն պատրաստվում է հերթական վիրահատությանը։ Ֆիզիկական տառապանքին գումարվում է նաև անորոշությունը․ դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ նա ստիպված կլինի մնալ հիվանդանոցում։ «Նոր վիրահատություն, նոր ցավեր»,- այսպես է Անին նկարագրում սպասվող միջամտությունը.

«Երբ դեպքը նոր էր եղել, մարդիկ հետաքրքրվում էին, հիմա ոչ ոք չի գալիս ինձ տեսակցության։ Վերակենդանացման բաժանմունքում էի, այդ ժամանակ միայն Անահիտ Ավանեսյանն է եկել, այդ մի անգամը ու վերջ»,- ասաց Անին։

Անին նշել է նաև, որ նախարարությունը հոգում է հիվանդանոցային բուժման ծախսերը, սակայն սննդի հարցում երբեմն խնդիրներ են առաջանում.

«Նախարարությունը հիվանդանոցի ու բուժման ծախսերն է հոգում, հիվանդանոցի սնունդն են տալիս, բայց երբեմն էնպիսի բաներ են տալիս, որ ես չեմ ուտում։ Ինձ էնպիսի սնունդ է պետք, որ էներգիա հավաքեմ, մերոնք են հաց սարքում, բերում»,- պատմեց նա։

Անին, անդրադառնալով երերեխաներին, ասաց որ նրանք հոգեբանական ծանր վիճակում են: Նրա խոսքով, երեխաներն այժմ հարազատների խնամքի ներքո են, իսկ միջնեկ որդին վիրահատությունից հետո դեռ պետք է վերականգնվի։

«Ձեռքը գիպսի մեջ է, ինքն էլ է անընդհատ ցավեր ունենում, ցավազրկողներ է խմում։ Հոգեբանորեն բարդ է երեխաներիս համար, չեն ուզում հիշել կատարվածը, իրենք սարսափած են։ Որ գալիս են ինձ մոտ, չեմ էլ ուզում մենք թեմա բացեմ, խոսենք»,- պատմեց Անին։

Անիի խոսքով, դեպքի առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում իրեն մեկ անգամ հարցաքննել են, երբ դեռ վերակենդանացման բաժանմունքում էր.
«Ինձ մի անգամ են հարցաքննել, դրանից հետո ոչ ոք չի եկել, հիմա մի քիչ հանդարտվել եմ։ Չեմ ուզում ոչ մի բան հիշել, ինձ համար էլ հեշտ չէ, »,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Միջադեպի հետևանքով բժշկական օգնության են դիմել նաև Անիի երկու երեխաները։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հինգ հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *