Նախատեսվում է բարձրացնել առանձին տուգանքների չափերն ու տուգանային միավորների քանակը։ Առաջարկվում է նաև նոր պահանջներ սահմանել էլեկտրական ինքնագլորների օգտագործման համար։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ իրականացված ուսումնասիրություններն ու մշտադիտարկումը ցույց են տվել, որ ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումներ նպաստում են խցանումների առաջացմանը, իսկ մյուսները վտանգում են վարորդների, ուղևորների և հետիոտների անվտանգությունը։
«Նման իրավախախտումների համար գործող տուգանքների չափերն ու տուգանային միավորների քանակը վերանայման կարիք ունեն», – նշել է Մկրտչյանը։
Մասնավորապես, առաջարկվում է «Մուտքն արգելվում է», «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» և «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ուղղություն» ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար տուգանքը 5 հազար դրամից բարձրացնել մինչև 20 հազար դրամ։
«Այս խախտումների համար նախատեսվում է նաև երկու տուգանային միավոր», – հավելել է փոխնախարարը։
Միաժամանակ, «Կանգառն արգելվում է» նշանի կամ համապատասխան ճանապարհային գծանշման պահանջները չպահպանելու համար առաջարկվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք և մեկ տուգանային միավոր։
Երևանում երթևեկելի մասի երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում կայանելու համար տուգանքն առաջարկվում է 5 հազար դրամից բարձրացնել մինչև 20 հազար դրամ, իսկ տուգանային միավորների քանակը՝ 0,25-ից մինչև 1։
Սխալ կայանված ավտոմեքենայի տարհանման դեպքում նախատեսվում է տուգանքի չափը 20 հազար դրամից բարձրացնել մինչև 29 հազար դրամ, իսկ տուգանային միավորների քանակը՝ 0,5-ից մինչև 1։
Բացի այդ, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքն առաջարկվում է 5 հազար դրամից բարձրացնել մինչև 20 հազար դրամ։ Նախատեսվում է նաև լրացուցիչ սահմանել մեկ տուգանային միավոր։
Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է վարորդներին անմիջապես տեղում ստուգելու հնարավորություն՝ թմրամիջոցների օգտագործումը բացահայտող տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ թքի հետազոտության միջոցով։ Միաժամանակ, թմրամիջոցների ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելու համար գործող պատիժը՝ երկու տարով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելը, չի փոխվի։
Փոփոխությունների առանձին խումբ վերաբերում է անհատական շարժունակության միջոցներին, մասնավորապես՝ էլեկտրական ինքնագլորներին։
Մկրտչյանի խոսքով՝ առաջարկվում է դրանք վարելը թույլատրել 16 տարին լրացած անձանց, իսկ հետիոտնային գոտիներում երթևեկության առավելագույն արագությունը սահմանափակել 10 կմ/ժ-ով։
Արագության սահմանափակման պահպանումն ապահովելու համար նախատեսվում է իրավական հիմք ստեղծել այնպիսի տեխնիկական սարքերի կիրառման համար, որոնք կարող են ոչ միայն չափել, այլև ինքնաշխատ կերպով սահմանափակել էլեկտրական ինքնագլորների արագությունը։
