Կապիտալ ներդրումների առումով Արարատի մարզի առողջապահական պատկերը լիովին փոխվում է. Արտաշատում բացվեց վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Արտաշատն այսուհետև ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը. ամենալավը թե՛ պայմանների և թե՛ մասնագետներով ու սարքավորումներով համալրման առումներով»,- վերակառուցված եռահարկ պոլիկլինիկայի պայմաններին ծանոթանալուց հետո շեշտել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Կառավարության 2021-2026թթ․ միջոցառումների ծրագրի շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ իրականացված Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ու վերազինման համար պետական բյուջեից հատկացվել է 390 մլն դրամ, իսկ վերազինման համար՝ 141 մլն դրամ:
Շուրջ 50 տարի առաջ կառուցված շենքը չուներ ջեռուցման համակարգ, կոյուղատարներից մինչև էլեկտրալարեր ու տանիք հնամաշ էին:
Այսուհետև Արտաշատի պոլիկլինիկայում հարմարավետ ու անհրաժեշտ սարքավորումներով համալրված պայմաններում են տրամադրվելու առաջնային օղակի լայնածավալ բուժծառայությունները՝ լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից մինչև ընտանեկան բժիշկների ու նեղ մասնագետների խորհրդատվություն:
Ակտիվ շինարարական փուլում են Մասիսի և Վեդիի բժշկական կենտրոնները և համայնքային մի շարք ամբուլատորիաներ. Արտաշատում արդեն իսկ բացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
