Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է էական փոփոխություններ կատարել Զինված ուժերի կառավարման և կիրառման սահմանադրական կարգում։

Ըստ այդմ` Հայաստանի Զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը՝ անկախ նրանից՝ երկրում պատերազմական, թե խաղաղ իրավիճակ է։

Գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատար է միայն պատերազմի ժամանակ։

Նոր նախագծով փոփոխվում է նաև բանակի անհետաձգելի կիրառման կարգը։ Եթե անհետաձգելի անհրաժեշտություն առաջանա, զինված ուժերի կիրառման մասին որոշումը կարող է ինքնուրույն կայացնել վարչապետը։ Մինչդեռ գործող Սահմանադրությամբ նման որոշումից առաջ պարտադիր է պաշտպանության նախարար առաջարկությունը։

Միաժամանակ վարչապետը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կառավարության անդամներին, իսկ Կառավարությունն իրավասու է վերացնել այդ որոշումը կամ չեղարկել դրա հիման վրա նախատեսված միջոցառումները։

Ըստ նոր նախագծի՝ Հայաստանի զինված ուժերը երկրի տարածքից դուրս ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Ազգային ժողովի համաձայնությունը։ Բացառություն են կազմում Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերը։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծը և դիմել է ուղերձով: Նոր սահմանադրության նախագիծը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *