Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է նաև ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը․ աշխատողի կողմից ծնողական ժամի օգտագործման կոնկրետ ժամանակահատվածի որոշում, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված՝ գործատուի և աշխատողի շահերի հավասարակշռում։

Այս մասին հայտնում է նախարարությունը։

Նախագծով հստակեցվում են ծնողական ժամից օգտվելու նպատակները՝ նախատեսելով այդ իրավունքի իրացումը երեխայի կրթության և առողջության պահպանմանն առնչվող որոշակի գործողություններ իրականացնելու համար․ երեխային ուսումնական հաստատություն ուղեկցելը կամ այնտեղից վերցնելը, կրթության հետ կապված այլ գործընթացներին մասնակցելը, երեխային առողջապահական կազմակերպություն ուղեկցելը։

Ըստ այդմ՝ հստակեցվում է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա: Հաշվի առնելով այն դեպքերը, երբ աշխատողի կողմից նշված ժամանակահատվածում աշխատավայրից բացակայությունը, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված, կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը, նախատեսվում է գործատուի կողմից նույն աշխատանքային օրվա ընթացքում ծնողական ժամի օգտագործման այլ ժամանակահատված սահմանելու հնարավորություն: Առաջարկվող կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել բարեխղճության և ողջամտության սկզբունքների համատեքստում։ Այս առումով աշխատանքի բնականոն և անվտանգ կազմակերպման պահանջները պետք է համադրվեն երեխայի կարիքներով պայմանավորված՝ ծնողական ժամի օգտագործման անհրաժեշտության հետ։

Առանձին կարգավորում է նախատեսվում նաև հերթափոխային աշխատանք կատարող աշխատողների համար․ այս դեպքում ծնողական ժամի օգտագործման ժամանակահատվածը նախապես համաձայնեցվում է գործատուի հետ։

Ծնողական ժամի կիրառման համաչափությունն ապահովելու նպատակով կիրականացվի նաև հետևյալ կարգավորումը․ ծնողական ժամից օգտվելու իրավունք չի ունենա այն աշխատողը, որի աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 6 ժամը։

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող մյուս փոփոխություններին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *