Քննչական մարմնի աշխատակցի պարտականությունն է ապահովել քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, քննիչ Հ. Մարդյանն ինքն է դարձել այդպիսի իրերի հափշտակության մասնակից՝ փորձագիտական կենտրոնից վերցնելով ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև խուզարկությամբ առգրավված ոսկուց ու ադամանդներից պատրաստված շախմատ։ Հափշտակված իրերի ընդհանուր արժեքը, ըստ մեղադրանքի, գերազանցում է 21 մլն դրամը։ Գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Հայտնում է Հետքը:

Փորձագիտական կենտրոնից վերցրել է ավելի քան 6 մլն դրամի զարդեր

Ըստ մեղադրանքի՝ Հ. Մարդյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի քննիչի պաշտոնը, 2025թ. մարտի 18-ին այցելել է Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ։ Նա կենտրոնի աշխատակցին հայտնել է, թե ցանկանում է ստանալ փորձագիտական կենտրոնի՝ մարտի 4-ին կազմած եզրակացությունը և դրան կից նյութերը՝ դրանք քրեական վարույթն իրականացնող ավագ քննիչին փոխանցելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Մարդյանը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և, չարաշահելով աշխատակցի վստահությունը, ստացել է փորձաքննության եզրակացությունն ու դրան կից ոսկյա և արծաթյա զարդերը։ Դրանց արժեքը 2025թ. մարտի 18-ի դրությամբ կազմել է 6 մլն 124 հազար 320 դրամ։

Սակայն, ինչպես նշված է մեղադրանքում, նա զարդերը չի փոխանցել քննիչին, այլ հափշտակել է դրանք։

Ոսկյա ու ադամանդե շախմատը վաճառել է։ Մարդյանին մեղադրանք է առաջադրվել նաև մեկ այլ քրեական վարույթի շրջանակում առգրավված թանկարժեք իրերի հափշտակության համար։

Ըստ մեղադրանքի՝ նա 2024թ. դեկտեմբերի 9-ին ստանձնել է քրեական վարույթի նախաքննությունը։ 2025թ. հունվարի 31-ին փորձագիտական կենտրոնից ստացել է այդ վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացու տան խուզարկության ժամանակ հայտնաբերված ոսկուց և ադամանդներից պատրաստված շախմատի խաղաքարերն ու դրանց բաղկացուցիչ դետալները։

Այդ իրերի արժեքը 2025թ. հունվարի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 218 հազար դրամ։

Մեղադրանքի համաձայն՝ Մարդյանը հափշտակել է շախմատն ու դրա դետալները՝ դրանք վաճառելով քննությամբ չպարզված անձի։

Ըստ մեղադրանքի՝ կատարվածը թաքցնելու նպատակով Մարդյանը քաղաքացու անունից կեղծ ստացական է կազմել և ստորագրել։ Դրանում նշվել է, թե շախմատն ու դրա բաղկացուցիչ դետալներն անվնաս և ամբողջական վիճակում վերադարձվել են նրան։ Այդ ստացականը կցվել է քրեական վարույթի նյութերին։

Հետագայում քրեական վարույթով տուժող Ե. Մարտոյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով շախմատն ու դրա դետալներն ի պահ հանձնել իրեն։ Սակայն քննիչի պատասխան գրությամբ հայտնել են, որ իրերն արդեն վերադարձվել են քաղաքացուն։ 2026թ.-ի սեպտեմբերի 3-ին, ըստ մեղադրանքի՝ քննիչ Մարդյանը WhatsApp հավելվածով կապ է հաստատել տուժողի հետ և հանդիպել նրան։

Մեղադրանքի համաձայն՝ հանդիպման ընթացքում Մարդյանը հայտնել է, որ իրականում ինքն է վերցրել և վաճառել շախմատն ու դրա բաղկացուցիչ դետալները։ Նա պարտավորագիր է գրել՝ խոստանալով մինչև 2026թ.-ի սեպտեմբերի 24-ը վճարել հափշտակված իրերի արժեքը՝ 78 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը։ Սակայն, ինչպես նշված է մեղադրանքում, Մարդյանն այդպես էլ գումարը չի վճարել։

Քննիչի մեղավորությունը դեռևս ապացուցված չէ և կարող է հաստատվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նշենք, որ քննիչը կալանավորված է, իսկ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *