Ucom-ը՝ «Արևորդի» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, հայտարարում է բնապահպանական կայունության ուղղությամբ հերթական կարևոր քայլի մասին՝ մեկնարկելով իր գլխամասային գրասենյակի ածխածնային հետքի համապարփակ գնահատման ծրագիրը։ Այն հիմնված է ջերմոցային գազերի հաշվառման միջազգային ստանդարտի վրա (GHG Protocol)։
Այս նախաձեռնությունը ձևավորվում է այն համատեքստում, երբ կլիմայական փոփոխությունները, կենսաբազմազանության կորուստը և բնական ռեսուրսների սպառումը դարձել են ոչ թե ապագայի, այլ ներկայի մարտահրավերներ։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ տեխնոլոգիական ընկերությունները պետք է առաջնորդեն բնապահպանական նախաձեռնությունները՝ նպաստելով Հայաստանում ավելի պատասխանատու և կայուն ապագայի ձևավորմանը։ Որպես կանաչ ընկերություն, մենք պատրաստվում ենք գնահատել և հնարավորինս նվազեցնել մեր ընկերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Մենք բնապահպանական կայունությունը դիտարկում ենք ոչ թե որպես առանձին նախաձեռնություն, այլ որպես մեր բիզնեսի և երկարաժամկետ ռազմավարության կարևոր բաղադրիչ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
