Ապրիլի 22-ին Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) Զարգացմանն ուղղված ֆինանսավորման վերանայման ֆորումի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների բարձր ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ, կազմակերպել է «Closing the Financing Gap: The Infrastructure Investment and Financing Facility for Landlocked Developing Countries» խորագրով հարակից միջոցառում։
Միջոցառումը վարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆատիման, ինչպես նաև ՄԱԿ Առևտրի և զարգացման համաժողովի գործող գլխավոր քարտուղար Պեդրո Մորենոն։ Քննարկմանը մասնակցեցին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների, բազմակողմ զարգացման բանկերի և գործընկեր հաստատությունների բարձր մակարդակի ներկայացուցիչներ՝ նպաստելով ինտերակտիվ և բովանդակային քննարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
