Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The Lancet բժշկագիտական հանդեսում, ցույց է տալիս, որ սեմագլուտիդը (որն առավել հայտնի է Ozempic առևտրային անվամբ) կարող է նվազեցնել ալկոհոլի նկատմամբ հակումը դրա օգտագործման հետ կապված խանգարումներով տառապող մարդկանց։
Կլինիկական հետազոտությանը մասնակցել են ալկոհոլային կախվածություն ունեցող բուժառուներ, որոնց ստանդարտ հսկողության շրջանակներում նշանակվել է սեմագլուտիդի ցածր դեղաչափ կամ իրականում բուժական արժեք չունեցող պատրաստուկ՝ պլացեբո։ Մոտ 26 շաբաթվա ընթացքում հետազոտողները գնահատել են ոգելից խմիչքի սպառման մակարդակի և դրա նկատմամբ հակման արտահայտվածության փոփոխությունները։
Արդյունքները ցույց են տվել, որ սեմագլուտիդ ստացող բուժառուների մոտ նկատվել է ալկոհոլի օգտագործման և ծանր խմիչքի դրվագների ավելի զգալի անկում՝ ստուգիչ խմբի համեմատ։ Նկատվել է նաև ալկոհոլի նկատմամբ սուբյեկտիվ հակման նվազում, ինչը մատնանշում է դեղամիջոցի ազդեցությունը ոչ միայն վարքագծային սովորությունների, այլև ուղեղի «պարգևատրման» համակարգի մեխանիզմների վրա։
Հետազոտողները ենթադրում են, որ ազդեցությունը կապված է GLP-1 դասի դեղամիջոցների գործողության հետ, որոնք ի սկզբանե կիրառվում են 2-րդ տիպի շաքարախտի և ճարպակալման բուժման համար։ Այդ դեղամիջոցներն ազդում են ախորժակի և պարգևատրման համակարգի հետ կապված ազդանշանային ուղիների վրա, ինչը կարող է բացատրել կախվածության նվազումը ոչ միայն սննդից, այլև ալկոհոլից։
Միևնույն ժամանակ, հեղինակներն ընդգծում են, որ չնայած հուսադրող արդյունքներին, սեմագլուտիդը դեռևս հաստատված չէ որպես ալկոհոլային կախվածության բուժման միջոց։ Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ գնահատելու երկարաժամկետ արդյունավետությունը, անվտանգությունը և նմանատիպ դեղամիջոցների հնարավոր տեղը կախվածությունների թերապիայի մեջ։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
