«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունը հերթական քաղաքացիական հայցն է ներկայացրել Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ։ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Վ. Ղուկասյանի 2006 թվականի աճուրդների որոշումները։ 2006-ին եւս Ղուկասյանը Գյումրու քաղաքապետն է եղել։

Թե ինչ աճուրդների մասին է խոսքը, փորձեցինք ճշտել նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանից: Նա ասաց, որ տեղյակ չէ այդ հայցից, չգիտի, թե ինչ մասին է խոսքը։

Ղուկասյանի մեկ այլ պաշտպան` Առնոլդ Վարդանյանը, որը Ղուկասյանի շահերն է պաշտպանում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, որը քննվում է այժմ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում` դատավոր Նարինե Ավագյանի վարույթում, նույնպես ասաց, որ տեղյակ չէ նոր քաղհայցից։ Խոսելով քննվող քաղաքացիական գործի մասին՝ նշեց, որ դատախազությունը լրացրել է հայցապահանջը․ «Ծավալ կա լրացված, ձեռքիս տակ չէ կոնկրետ, չեմ կարող ասել, թե ինչեր են լրացվել։ Նոր պատասխանողներ են ներգրավվել, հայցի առարկայի եւ հայցապահանջի փոփոխության միջնորդություն են ներկայացրել»։ Հետաքրքրվեցինք` ընտանիքի անդամների՞ն են ներգրավել։ «Նաեւ եւ ոչ միայն, այլ մարդիկ կան, որոնք իր հետ կապ չունեն, բայց միջնորդություններ ներկայացված են։ Դատախազության ներկայացուցիչը մի անգամ նախկինում լրացրել էր բովանդակային իմաստով, այս անգամ պահանջի մասով լրացումներ են եղել, մենք առարկություններ ներկայացրել ենք, բայց դեռ ժամկետ ունենք՝ պատասխան ներկայացնելու, հունիսին է լինելու հաջորդ նիստը, որի ընթացքում կներկայացվի ավելի մանրամասն»։ Ի սկզբանե դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը քաղհայցը ներկայացրել էր Վարդան Ղուկասյանի, նրա ընտանիքի անդամներ Սպարտակ, Նոնա եւ Մանյա Ղուկասյանների դեմ։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը մարտին երկարաձգվեց եւս երկու ամիս ժամկետով: Հանրային մեղադրողը կալանքը երեք ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման միջոց սահմանել տնային կալանքը՝ 20 միլիոն դրամ գրավի համակցությամբ: Դատարանը մեղադրողի պահանջը կատարեց` մեկ ամիս պակասեցնելով:
Գյումրու ընդդիմադիր քաղաքապետն արդեն 7-րդ ամիսն է՝ անազատության մեջ է: 65-ամյա Ղուկասյանը մեղադրվում է կաշառք ստանալու, խուլիգանության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման հոդվածներով: Ղուկասյանը մեղադրանքները չի ընդունում, նա եւ իր փաստաբանները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է` Գյումրու համայնքապետի պաշտոնը զավթելու նպատակով:

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *