Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է նիկոտինային փաթեթների կտրուկ տարածման մասին։ Խոսքը նիկոտին պարունակող փոքրիկ պարկիկների մասին է, որոնք դրվում են լնդի և շրթունքի արանքում,- ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ։

Այս թեմայով ԱՀԿ առաջին գլոբալ զեկույցը ցույց է տալիս, որ 2024 թվականին նիկոտինային փաթեթների համաշխարհային վաճառքը գերազանցել է 23 միլիարդ միավորը՝ տարեկան կտրվածքով աճելով ավելի քան 50%-ով։ Իսկ 2025 թվականին այս արտադրանքի համաշխարհային շուկայի ծավալը գնահատվել է գրեթե 7 միլիարդ դոլար։

Նիկոտինային փաթեթները պարունակում են նիկոտին, բուրավետիչներ, քաղցրացուցիչներ և այլ հավելումներ։ Թեև դրանցում ծխախոտ չկա, ԱՀԿ-ն ընդգծում է, որ նիկոտինն ինքնին ուժեղ կախվածություն է առաջացնում և առանձնապես վտանգավոր է երեխաների, դեռահասների ու երիտասարդների համար, քանի որ նրանց ուղեղը դեռ զարգացման փուլում է։ Դեռահասության տարիքում նիկոտինի ազդեցությունը կարող է վատթարացնել ուշադրությունը, դժվարացնել սովորելու ունակությունը, մեծացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը, ինչպես նաև հանգեցնել երկարատև կախվածության ու մեծացնել ապագայում ծխախոտային կամ այլ նիկոտինային արտադրանքների անցնելու հավանականությունը։

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհի շուրջ 160 երկիր դեռևս չունի նիկոտինային փաթեթների վաճառքը կարգավորող հատուկ կանոններ։ 16 երկրում դրանց վաճառքն ամբողջությամբ արգելված է, իսկ ևս 32-ում գործում են տարբեր սահմանափակումներ։ Այս երկրներից հինգը սահմանափակում են համային հավելումների կիրառումը, 26-ն արգելում են անչափահասներին վաճառքը, իսկ 21-ը արգելք է սահմանել գովազդի, տարածման և հովանավորչության վրա։

Կազմակերպությունն ընդգծում է, որ նիկոտինային փաթեթները չի կարելի անվտանգ այլընտրանք համարել, և նախազգուշացնում է, որ առանց ժամանակին արված կարգավորումների՝ աշխարհը կարող է բախվել երիտասարդների շրջանում նիկոտինային կախվածության նոր ալիքի։

Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *