Տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը։

Ֆուտբոլային նոր կենտրոնը («Նոա Պարկ») ներկայացվել է ՀՀ կառավարությանը, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և ակումբի գործընկերներին։

Հայկական ֆուտբոլի համար այս կարևոր իրադարձությանը որպես հատուկ հյուր ներկա է գտնվել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն։ Միջոցառմանը մասնակցել են նաև «Նոա» ՖԱ-ի նախագահ Վարդգես Վարդանյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, վերջին մեկուկես տարվա ընթացքում «Նոան» զբաղված էր առաջին թիմի, անձնակազմի և վարչական հատվածի համար նախատեսված այս գերժամանակակից մասնաշենքի կառուցմամբ։

Նորաբաց մարզաբազան ներառում է.

  • գերժամանակակից հանդերձարաններ՝ վերականգնողական մի քանի տեսակի սենյակներով,
  • բժշկական և մերսման նորագույն սարքավորումներով կահավորված տարածքներ,
  • ընդարձակ և ժամանակակից մարզասրահ,
    ուսումնամարզական հավաքների համար նախատեսված հյուրանոցային համարներ,
    գրադարան և առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան,
    խորհրդակցությունների դահլիճներ և աշխատասենյակներ,
  • ժամանցի սրահներ՝ համալրված սեղանի թենիսով և համակարգչային խաղերով։

Հայկական ակումբի նախագծին արձագանքել է նաև համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իր ինստագրամյան էջում ակումբի հետ համատեղ հրապարակմամբ և իր այցեքարտային «Here we go!» արտահայտությամբ Ռոմանոն ոչ միայն անդրադարձել է մարզաբազայի բացմանը, այլև բացահայտել ակումբի առաջիկա մեծ նպատակը։

«Հայաստանի չեմպիոն «Նոա» ՖԱ-ն ներկայացնում է «Նոա Պարկը» և նոր մարզաբազան՝ համաշխարհային մակարդակի մարզադաշտի կառուցման ծրագրերով։ Չեմպիոններ, գավաթակիրներ, եվրոպական բեկում… նախագիծը շարունակում է աճել»,- գրել է Ռոմանոն։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *