ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի ուղերձը․
Տարածքային կորուստը փաստ է։
Մարդկային կորուստը՝ անդառնալի ողբերգություն։
Բայց մեր պետության ապագան դեռ որոշված չէ։
Եվ այն որոշվելու է նրանով, թե որքան սթափ ենք գնահատելու ստեղծված իրավիճակը, որքան հստակ ենք սահմանելու մեր ազգային ու պետական շահերը, և որքան քաջություն ենք ունենալու։
Որովհետև կարելի է կորցնել հայրենի հողը, բայց չկորցնել պետություն ստեղծելու կամքը, կարելի է կորցնել հայրերի տունը, բայց չկորցնել տուն վերականգնելու ուժը, կարելի է ապրել պարտության հիշողության հետ, բայց չդարձնել պարտությունը սեփական ինքնության միակ դիմագիծը։
Որովհետև քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք և որոշում, մեր պետության Անկախության պատմությունը չի՛ կարող ավարտված լինել։
Եվ չի՛ ավարտվելու։
Հավերժակա՛ն է Հայաստանը,
հավերժ հայկակա՛ն է Արցախը»։
