Այս տարիներին իրավաբանությունն այնպես են ոչնչացրել մեր երկրում, որ արդեն չենք զարմանում տարբեր անհեթեթություններ կարդալով ընդդիմության գործիչներին առաջադրված մեղադրանքներում, բայց «Ուժեղ Հայաստանի» անդամ Ալիկ Ալեքսանյանի մեղադրանքն ուղղակի շեդեւր է, որը ծնվել է Հակակոռուպցիոն կոչվող կոմիտեի պատերի ներսում։

Ուրեմն մեղադրանքի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ամեն ինչ կա՝ օրինական գործունեության քրեականացում, տնտեսվարողի եւ հասարակական կազմակերպության գործառույթների մեջ ապօրինի ներխուժում, քաղաքական պայքարը քրեականացնելու եւ մարդկանց աշխատավարձ վճարելը հանցագործություն համարելու ապուշություն, դրան գումարած` ենթադրություններ, կեղծիք, սուտ, իրավական գիտելիքներ չունեցող մարդկանց ապակողմնորոշելու մանիպուլյացիաներ, ընտրողին ուղղված ներշնչանք, ընտրությունների վրա ապօրինաբար ներազդելու փորձ։ Ամեն ինչ՝ բացի իրավաբանությունից։

Մի քիչ մտածելու կարողություն ունեցող մարդը կհասկանա, թե ինչքան ապօրինի է այդ մեղադրանքը, որն ընտրություններից 5 օր առաջ հարուցվել է «Ուժեղ Հայաստանի» թիմի կարեւոր գործ անող մարդկանցից մեկին, կարդալով այս տողերը․ «Ա.Ա.-ն հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերի գումարն օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով՝ աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ, ինչպես նաև ծառայությունների մատուցման դիմաց վճարելու քողի ներքո, նյութապես շահագրգռել է՝ ուղղորդելով մասնակցել Ս.Կ.-ի աջակիցների․․․ ցույցերին և հավաքներին»։

Պարզ տրամաբանությունն ասում է, որ նախ պետք է գործ հարուցվեր եւ ապացուցվեր այդ գումարների «հանցավոր ծագումը», հետո նոր դրանց ապօրինի օգտագործման մասին կարելի կլիներ խոսել։ Տրամաբանությունն ասում է նաեւ, որ «աշխատավարձի» կամ «ծառայությունների մատուցման դիմաց վճարելու քողի տակ» արտահայտությունն ինքնին աբսուրդ է, որովհետեւ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ իրենց շեֆ Նիկոլ Փաշինյանը չեն կարող որոշել, թե որն է աշխատանք եւ որը ծառայություն, այն ինչպիսին պետք է լինի եւ ինչ է նշանակում դրանց «քողի տակ» վարձատրելը։ Օրինակ, մենք՝ աշխատավարձ ենք տալիս Նիկոլ Փաշինյանին ու իր Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ նրանք դրա «քողի» տակ ոչ թե իրենց բուն պարտականություններն են կատարում, այլ քաղաքական հետապնդումներ են իրականացնում, վախի մթնոլորտ են ձեւավորում, թույլ չեն տալիս մարդիկ օգտվեն իրենց սահմանադրական իրավունքներից՝ առաջադրվեն, ընտրվեն, ընտրեն։ Եւ այս մասով կարող էր քրեական հետապնդում հարուցվել, որովհետեւ հանրային միջոցներից աշխատավարձ ստացող մարդկանց պարտականությունների եւ իրավասությունների շրջանակը հստակ է ու չափելի:

Հաջորդ անգրագետ ու ամոթալի նախադասությունը, որը երկնել է Հակակոռուպցիոն կոմիտեն՝ կատարելով Փաշինյանի ապօրինի հրահանգը․ «ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում»:

Սրան մի պատասխան կա՝ ձեզ ի՞նչ, որտեղից վերցրիք, որ «քողարկել են իրական մտադրությունը», հետո ի՞նչ որ համատեղությամբ աշխատել են այլ հիմնարկներում։ ՀՀ օրենքները դադարե՞լ են գործել Հայաստանում, ինչի՞ց եք վերցրել, որ մարդիկ չեն կատարել իրեն պարտականությունները եւ այլն։ Այստեղ կարող էր միայն մեկ հարց առաջանալ՝ այդ աշխատավարձերը գրանցվե՞լ են օրինական կարգով, դրանցից հարկեր վճարվե՞լ են։ Վերջ։

Այս նախադասությունը գրողն, օրինակ, նորմալ մա՞րդ է, ադեկվա՞տ է, գրել-կարդալ գիտի՞․ «Արդյունքում, աշխատանքի ընդունված քաղաքացիների գերակշիռ մասն աշխատանքի չեն հաճախել կամ ամսվա կտրվածքով կազմակերպությունների գրասենյակ են այցելել մեկ կամ մի քանի անգամ՝ չգիտակցելով նույնիսկ հասարակական կազմակերպությունում իրենց գործառույթների բնույթը և նպատակը»: Էն որ ասում են՝ այ քեզ բան, դե եկեք դուք մասնավորի, գործատուների տեղը որոշեք, թե մեր աշխատողները երբ պիտի աշխատանքի գան, երբ գնան, ինչ անեն, ինչով զբաղվեն։ Սա հո պետական հիմնարկ չէ՞, որ դուք որոշեք, թե ով ինչով պետք է զբաղվի, երբ գա աշխատանքի ու ինչ անի։ Բոլոր ՀԿ-ների ու մասնավոր հիմնարկների աշխատողների՞ն եք այդպես հետեւելու, պարզելու՝ երբ եկան, երբ գնացին, ինչ արեցին, որքան արդյունավետությամբ աշխատեցին։ Դե, սկսեք ձեզ կցված գրանտակերների ՀԿ-ներից ու գրասենյակներից։

Եւ այս հաղորդագրության թագն ու պսակը․ «Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ վարութային և ապացուցողական գործողություններ, հարցաքննվել է շուրջ 500 անձ»: Այսինքն, պարզ է, չէ՞ ինչ է կատարվել. 500 մարդու կանչել են, ճնշել՝ վախեցրել, նրանք էլ գրել են, որ մեզ վարձատրել են ոչ թե աշխատանքի, այլ հավաքներին մասնակցելու եւ այլնի համար։ Ու սրա հիման վրա ամպագոռգոռ մեղադրանք են հարուցել՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, հավաքին մասնակցելու համար նյութական շահագրգռում։

Հակակոռուպցիոն կոմիտե, դուք սկի ամոթ չունե՞ք` ծառայում եք` ծառայեք, բայց գոնե իրավունքի տարրական կանոնները պահպանեք:

Արեգ Մարգարյան

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *