Հետազոտությունների նոր ամփոփումը ցույց է տվել, որ արհեստական բանականությունը գնալով ավելի արդյունավետ է բացահայտում առողջական խնդիրների հետ կապված խարանող արտահայտությունները, սակայն դեռևս բավարար համոզիչ ապացույցներ չկան, որ այն ընդունակ է նվազեցնել իրական բժշկական պրակտիկայի խտրականության մակարդակը։
Պիտակավորումը շարունակում է լուրջ խոչընդոտ մնալ բժշկական օգնության հավասար հասանելիության ապահովման ճանապարհին։ Այն բանից հետո, երբ ԱԲ-ն ավելի ակտիվորեն է ներդրվում առողջապահության ոլորտում, մասնագետները փորձում են հասկանալ՝ արդյո՞ք այն օգնում է պայքարել խտրականության դեմ, թե՞, ընդհակառակը, նպաստում է դրա վերարտադրմանը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ մեքենայական ուսուցման և բնական լեզվի մշակման մեթոդները լայնորեն կիրառվում են X, Reddit, Weibo և Facebook հարթակներում պիտակավորող արտահայտություններ որոնելու համար։ Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս վերլուծել տվյալների հսկայական զանգվածներ և վեր հանել կանխակալ վերաբերմունքի, կարծրատիպերի ու խտրականության դրսևորումները։
Միևնույն ժամանակ, հետազոտողները պարզել են, որ ԱԲ համակարգերն իրենք կարող են խորացնել խտրականությունը։ Որոշ աշխատություններ ցույց են տվել, որ լեզվական մոդելներն ու պատկերների գեներատորներն ընդունակ են վերարտադրել հոգեկան խանգարումների, հաշմանդամության և առողջական այլ խնդիրների հետ կապված բացասական կարծրատիպերը։ Մեծ լեզվական մոդելների զարգացմանը զուգընթաց՝ էլ ավելի արդիական են դառնում ալգորիթմների կանխակալության, տվյալների ոչ կորեկտ օգտագործման և տեղեկատվության աղավաղման հարցերը։
Հեղինակներն առանձնացրել են հետազոտությունների չորս հիմնական ուղղություն՝ ԱԲ-ի կիրառումը խտրականության չափման համար, խտրականության ազդեցությունը ԱԲ տեխնոլոգիաների ընդունման վրա, ԱԲ-ի դերը խտրականության խորացման գործում և խտրականության նվազեցման հարցում ԱԲ-ի հնարավորությունները։ Դիտարկված 70 հետազոտություններից 42-ը նվիրված են եղել խտրականության բացահայտմանը, մինչդեռ միայն չորսն են ուսումնասիրել դրա նվազեցման ուղիները։
Այդ սակավաթիվ աշխատությունները ցույց են տվել, որ ԱԲ չաթբոտերը կարող են նպաստել պիտակավորող մոտեցումների նվազեցմանը, հատկապես երբ դրանք կիրառում են այս կամ այն հիվանդությամբ ապրող մարդու անունից առաջին դեմքով պատմություններում։ Այնուամենայնիվ, հետազոտողներն ընդգծում են, որ նման արդյունքները դեռևս հիմնված են հիմնականում փոքրածավալ փորձարարական հետազոտությունների վրա և երկարաժամկետ կլինիկական ու հանրային նախագծերում հաստատման կարիք ունեն։
Ամփոփման հեղինակների կարծիքով՝ այսօր ԱԲ-ն մնում է առաջին հերթին խտրականության վերլուծության, այլ ոչ թե դրա հաղթահարման գործիք։ Նրանք նաև նշում են ավելի բազմազան հետազոտություններ են անհրաժեշտ, որոնք հետագայում կներառեն հիվանդությունների լայն շրջանակ, տարբեր մշակութային համատեքստեր և հակախտրական ԱԲ լուծումների արդյունավետության իրական գնահատականներ։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
