Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հորդառատ անձրևի պատճառով Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ՝ Շենավան-Արագյուղ տանող ճանապարհի մոտ 16 մետր երկարությամբ՝ ժողովրդին հայտնի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, ճանապարհի փլուզում է տեղի ունեցել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, իբրև պաշտպանիչ պատնեշ կապել են ոստիկանական ժապավենով, իսկ ժամանած ճանշինը մոտ 50 մետր երկարությամբ տարբեր հատվածներում տեղադրել է քարեր։
Կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է ճանապարհի փլուզումը շարունակվի: Իսկ այդ հատվածով տրանսպորտային միջոցների շարժը բավականին շատ է, այդ թվում՝ բեռնատարների մասնակցությամբ։
Ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել է կառավարության ֆինանսավորմամբ, որն իրականացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից, ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պետք է հրատապ «Ճանապարհային դեպարտամենտին» պարտավորեցնի բետոնե հենապատ կառուցեն այդ հատվածում, իսկ մինչ այդ տեղադրեն անհրաժեշտ անվտանգության պարագաներ, այդ թվում՝ լուսային, քանի որ եթե լույսով վարորդները նկատում են, որ ճանապարհը պետք է անցնեն զգույշ, ապա գիշերային ժամերին հնարավոր է վարորդները չկողմնորոշվեն ու տեղի ունենան արտակարգ դեպքեր։
