Ամերիկյան ֆոնդային ինդեքսներն ուրբաթ օրն աճ են գրանցել, ինչը կապված է այն բանի հետ, որ ներդրողները հույս ունեն, թե առաջիկա օրերին Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։
ԱՄՆ-ն և Իրանը հասկացնել են տվել, որ պատերազմի դադարեցման շուրջ համաձայնությունը մոտ է, ընդ որում՝ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ արդեն կա երկկողմանիորեն ձեռնտու համաձայնագրի նախագիծը։
Շուկայի մասնակիցներն ուշադիր հետևել են նաև Nasdaq բորսայում IPO-ից (բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումից) հետո SpaceX-ի բաժնետոմսերի մեկնարկին։ Իլոն Մասկի աերոտիեզերական ընկերության բաժնետոմսերի գնանշումները թռիչքաձև աճել են 19,2%-ով՝ 135 դոլարից հասնելով 160,95 դոլարի։ Արդյունքում՝ SpaceX-ի շուկայական արժեքը հասել է 2,1 տրիլիոն դոլարի։
Միևնույն ժամանակ, ուրբաթ օրը՝ SpaceX-ի IPO-ի նախաշեմին թանկացել են նաև տիեզերական ոլորտի մյուս ընկերությունների արժեթղթերը. Rocket Lab-ը՝ 10,8%-ով, Intuitive Machines-ը՝ 13,1%-ով, իսկ Planet Labs-ը՝ 8,8%-ով։
Dow Jones ինդեքսի կազմում աճի առաջատարները ֆինանսական հատվածի ներկայացուցիչներն են։ Goldman Sachs Group-ի բաժնետոմսերի գինն աճել է 2,6%-ով, JPMorgan Chase & Co.-ինը՝ 2,3%-ով, իսկ American Express Co.-ինը՝ 2,2%-ով։
Աճել են նաև չիպ արտադրող ընկերությունների արժեթղթերի գնանշումները. Nvidia Corp.-ը՝ 0,2%-ով, Intel Corp.-ը՝ 6,5%-ով, Advanced Micro Devices-ը՝ 4,7%-ով, Qualcomm Inc.-ը՝ 4,3%-ով, Texas Instruments-ը՝ 1,4%-ով, իսկ Applied Materials-ը՝ 2,6%-ով։
Մյուս կողմից, Adobe-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 6,8%-ով։ Պատկերների մշակման ծրագրային ապահովման աշխարհի խոշորագույն մշակողի երկրորդ ֆինանսական եռամսյակի (որն ավարտվել է մայիսի 29-ին) շահույթն ու հասույթը գերազանցել են վերլուծաբանների սպասումները, ընկերությունը նաև լավ կանխատեսումներ է ներկայացրել ընթացիկ շրջանի համար։ Սակայն ընկերությունը հայտնել է գլխավոր ֆինանսական տնօրեն Դեն Դեռնի հեռանալու մասին, ով նույն պաշտոնը կստանձնի Marvell Technology-ում։
Apple Inc.-ի արժեթղթերն էժանացել են 1,5%-ով, Amazon.com Inc.-ն ու Boeing Co.-ն՝ 1,2%-ով, իսկ International Business Machines-ը (IBM)՝ 1%-ով։
Միչիգանի համալսարանի նախնական տվյալներով՝ ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսը հունիսին աճել է մինչև 48,9 կետ՝ նախորդ ամսվա 44,8 կետի (որը պատմական նվազագույնն էր) համեմատ։ Վերլուծաբանները միջինում ավելի համեստ աճ են կանխատեսում՝ մինչև 46 կետ, հայտնում է Trading Economics-ը։
Ընթացիկ տնտեսական իրավիճակի նկատմամբ ամերիկացի սպառողների վերաբերմունքի ցուցանիշն այս ամիս մայիսի 45,8 կետից բարձրացել է մինչև 48,4 կետ։ Առաջիկա կես տարվա սպառողական սպասումների ենթաինդեքսը 44,1 կետից հասել է 49,3 կետի։
Հունիսին բնակչության գալիք տարվա գնաճային սպասումները նախորդ ամսվա 4,8%-ից նվազել են մինչև 4,6%։ Երկարաժամկետ հեռանկարում (հինգ տարի) գնաճի գնահատականը կազմել է 3,4%՝ մայիսի 3,9%-ի դիմաց։
Ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 353,51 կետով (0,7%) և կազմել 51202,26 կետ։
Standard & Poor’s 500-ի արժեքն ավելացել է 37,16 կետով (0,5%)՝ հասնելով 7431,46 կետի։
Nasdaq Composite ինդեքսը բարձրացել է 79,18 կետով (0,31%) և առևտրային շրջանն ավարտել 25888,84 կետի մակարդակում։
Անցած ողջ շաբաթվա արդյունքներով երեք հիմնական ցուցանիշներն աճել են մոտավորապես 0,7%-ով։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
