Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքային պարտականությունները դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտարարությունը հրապարակվել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի «Ֆեյսբուք»-ի էջում։
ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:
Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։
Արտահայտելով մեր միասնական և սկզբունքային դիրքորոշումը՝ մենք հայտարարում ենք բոյկոտ և դադարեցնում մեր աշխատանքային պարտականությունների կատարումը:
Մենք ունենք հստակ խնդրանք և պահանջ․
Հանդիպում ՀՀ Վարչապետի հետ. ակնկալում ենք ընդունելություն՝ ստեղծված խնդիրն անձամբ պետական բարձրագույն մակարդակով ներկայացնելու համար։
Արդարության վերականգնում. մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը՝ ԺՊ նշանակել Կ. Պետրոսյանին՝ ապահովելով բուհի բնականոն աշխատանքը:
Աշխատակազմը պատրաստ է վերադառնալ իր աշխատանքին պարտականությունների կատարմանը միայն այս երկու պայմաններից մեկի բավարարման դեպքում։
Խնդրում ենք տարածել այս գրառումը՝ մեր ձայնը լսելի դարձնելու և բուհում արդարությունը վերականգնելու համար: Մեր ուժը մեր միասնության մեջ է»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցները հունիսի 15-ին, ժամը 14։00-ին նաև մամուլի ասուլիս են հրավիրել։
Նրանք նաև ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել են մասնաճյուղ՝ անձամբ ծանոթանալու տարիների ընթացքում կատարված բարեփոխումներին, ձեռքբերումներին և ստեղծված իրավիճակին:
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
