«Ճապոնիայի բարեփոխման ընկերություն» կուսակցությունը, որը մտնում է կառավարող կոալիցիայի կազմի մեջ կրտսեր գործընկերոջ իրավունքներով, հանդես է գալիս ռազմածովային ուժերն ատոմային սուզանավերով զինելու օգտին և առաջարկում է քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կուսակցության պաշտոնական փաստաթղթում, որը շուտով կներկայացվի վարչապետ Սանաե Տակաիչիի քննարկմանը,- հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը:

Ճապոնիայում պատրաստվում են մշակել անվտանգության ոլորտում երկրի քաղաքականության հիմնական սկզբունքների վերանայման նախագծեր։ Սանաե Տակաիչիի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ԼԴԿ)՝ կառավարող կոալիցիայի գլխավոր ուժը, արդեն պատրաստել է իր առաջարկները: Դրանցում ատոմային սուզանավերի և միջուկային զենքի ներկրման արգելքից հրաժարման հարցը չի հիշատակվում, չնայած ԼԴԿ-ում, ինչպես հաղորդվում է, քիչ չեն այդ դիրքորոշման կողմնակիցները:

Ճապոնիայում գործում է, այսպես կոչված, երեք ոչ միջուկային սկզբունք՝ չունենալ, չարտադրել և չներկրել միջուկային զենք: Դրանք հաստատվել են կառավարության որոշմամբ, չունեն օրենքի ուժ և կարող են համեմատաբար հեշտությամբ վերանայվել: «Ճապոնիայի բարեփոխման ընկերություն» կուսակցությունը և կառավարող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության շատ ուժեր առաջարկում են թողնել առաջին երկու սկզբունքները և հրաժարվել երրորդից, քանի որ, նրանց կարծիքով, այն կարող է խանգարել ճգնաժամային իրավիճակներում ամերիկյան միջուկային զենքի ներկրմանը երկիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *