Հայաստանում թվային մարքեթինգի ամենամեծ ընկերությունը՝ Prodigi-ն, Կենտրոնական Ասիայում իր ներկայությունն ընդլայնում է Ղրղզստանում նոր մասնաճյուղի հիմնմամբ։ Սա ընկերության 2-րդ տարածաշրջանային գլխամասն է՝ Ուզբեկստանում 4 տարի առաջ սկսված ճանապարհից հետո։
Prodigi-ի մուտքը նոր շուկաներ պայմանավորված չէ միայն բիզնես ընդլայնման նպատակով։ Ընկերության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ թվային տեխնոլոգիաները ունակ են հիմնարար փոփոխություններ բերել տնտեսության տարբեր ճյուղերում։
Հաջողության փորձը՝ Ուզբեկստանից Ղրղզստան
Ուզբեկստանում անցած չորս տարիները ոչ միայն ծառայել են բիզնես հարաբերությունների կառուցմանը, այլև եղել են ինստիտուցիոնալ փորձի հավաքագրման շրջան։ Այստեղ ստեղծված տեխնոլոգիական ենթակառուցվածքները և բարձրակարգ գովազդային ցանցը դարձել են հուսալի գործիքներ տեղական առաջատար գործակալությունների համար։ Ղրղզստանում Prodigi-ն առաջնորդվելու է նույն սկզբունքով՝ տեղական շուկային առաջարկելով ոչ թե ժամանակավոր լուծումներ, այլ հիմնարար, տվյալների վրա հիմնված գործիքակազմ։
Հայկական ներուժը
Չնայած աշխարհագրական ընդլայնմանը՝ Prodigi-ի ստեղծագործական և վերլուծական միտքը շարունակում է կենտրոնացած մնալ Երևանում։ Հայկական գրասենյակն այսօր հանդես է գալիս որպես տարածաշրջանային ռազմավարությունների մշակման կենտրոն՝ ապացուցելով, որ հայկական տեխնոլոգիական ներուժը կարող է միջազգային հարթակներում ձևավորել որակական նոր չափանիշներ։
«Մեր փորձառությունը ցույց է տվել, որ ցանկացած շուկայում հաջողությունը կախված է ոչ թե ագրեսիվ ներկայությունից, այլ տեղական մշակույթի, կարիքների և համաշխարհային լավագույն պրակտիկաների ճիշտ համադրումից։ Մենք գալիս ենք ոչ թե մեր կանոնները թելադրելու, այլ մեր գործընկերների հետ համատեղ արժեք ստեղծելու», – նշում է Prodigi-ի ռեգիոնալ տնօրեն Վալերի Հախվերդյանը։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
