Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հունիսի 26-ի գիշերը Ռուսաստանի շրջանների, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 660 անօդաչու թռչող սարք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի, Վորոնեժի, Տուլայի, Ռյազանի և Աստրախանի մարզերի, Մոսկվայի մարզի, ինչպես նաև Ղրիմի տարածքում։Գործակալության հաշվարկներով՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումն ամենախոշորն էր 2026 թվականի սկզբից ի վեր։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերը երկրի ուղղությամբ արձակել են յոթ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 189 անօդաչու թռչող սարք։BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Կիևում փրկարարները մարել են Դարնիցկիի շրջանում ռուսական հարձակման հետևանքով բռնկված հրդեհը։
Օդեսայի մարզի Իզմայիլ շրջանի իշխանությունները հայտնել են, որ հունիսի 26-ի գիշերը ռուսական հարվածից վնասվել են Վիլկովո համայնքի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ըստ տեղեկությունների՝ մեկ մարդ վիրավորվել է, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների վնասման պատճառով Վիլկովո քաղաքը և մոտակա որոշ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։
