Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով ամփոփիչ ելույթների ընթացքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ ընտրությունները չեն ապահովել հավասարության և ազատության սկզբունքները։

Նրա խոսքով՝ ընտրողը մտածող և վերլուծող քաղաքացի է, ով դատական գործընթացի ընթացքում լսված և քննարկված փաստարկների հիման վրա կարող է եզրահանգումներ անել։ Խուդոյանը նշել է, որ հինգ օր տևած քննարկումները ցույց են տալիս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի իրականացրել իր լիարժեք գործառույթները։

Փաստաբանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում կարելի է եզրակացնել, որ ԿԸՀ-ն փաստացի չի կատարել իր սահմանադրական առաքելությունը, քանի որ չի ապահովել ընտրական իրավունքի հավասար և ազատ իրացումը։

Խուդոյանի խոսքով՝ հենց այս հանգամանքներն են հիմք տալիս պնդելու, որ ընտրական գործընթացում առկա են եղել էական խնդիրներ:

«Մենք հասկացանք, որ, կարելի է ասել, չենք ունեցել ԿԸՀ, քանի որ այն չի կատարել իր առաքելությունը»,- նշել է նա:

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *