Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Christiana B առևտրանավը վնասվել է Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ, երբ ԱՄՆ-ից ածուխ էր տեղափոխում Ուկրաինա։ Այս մասին հայտնել է Ռումինիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ի գիշերը Ռումինիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Սֆինտու Գեորգե բնակավայրից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Նավն աղետի ազդանշան է փոխանցել, ինչից հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական նավեր և ՆԳՆ ուղղաթիռ։

Ավելի ուշ կապիտանը հայտնել է, որ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, տարհանում չի պահանջվում, նավը կարող է ինքնուրույն շարունակել շարժվել դեպի ափ՝ նորոգման համար։

Նախնական տվյալներով՝ վնասները կարող էին պատճառված լինել ծովային անօդաչու սարքի հարվածից կամ ականի պայթյունից։ Ռումինիայի իշխանությունները շարունակում են միջադեպի հանգամանքների քննությունը։

Սա վերջին օրերին Սֆինտու Գեորգեի շրջանում նման երկրորդ միջադեպն է։ Հուլիսի 21-ին այնտեղ հրդեհվել էր Լիբերիայի դրոշի ներքո նավարկող GAS LISBON նավը, որը պրոպան էր տեղափոխում ուկրաինական նավահանգիստ։ Այդ ժամանակ երեք նավաստի վիրավորվել էր, որոնցից մեկը հետագայում մահացել է։ Անձնակազմը հայտնել էր, որ նավը ենթարկվել է երեք անօդաչու սարքերի հարձակման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *