Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ բազմածաղկային մեղրը կարող է օգնել պաշտպանել մարդու մաշկի բջիջները տարիքի հետ ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ պայմանավորված վնասվածքներից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Antioxidants բժշկագիտական հանդեսում:
Նախքան ՈՒՄ ճառագայթման ազդեցությանն ենթարկվելը մեղրի թույլ լուծույթով մշակված բջիջները պահպանել են իրենց երիտասարդությունն ու ինքնավերականգնման ունակությունն ավելի շատ, քան չմշակված բջիջները: Ստացված արդյունքները հաստատում են այն գաղափարը, որ մեղրն ապագայում կարող է դառնալ քսուքների կամ կլինիկական միջոցների բաղադրիչ, որոնք նախատեսված են մաշկի ծերացումը դանդաղեցնելու համար:
Մեղրն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը բժշկության մեջ: Մեղրային վիրակապերն ու գելերը վաճառվում են այրվածքների և դժվար լավացող վերքերի բուժման համար. դրանք գնահատվում են միկրոբները ոչնչացնելու և բորբոքումը հանելու ունակության համար:
Ֆիկրիյե Ֆուլյա Քավաքն աշխատում է Սասարիի համալսարանի (UNISS) հետազոտական խմբում՝ պրոֆեսոր Մարգարիտա Մայոլիի ղեկավարությամբ: Նրան զարմացրել է այն փաստը, որ մեղրի որոշ տեսակներ, մասնավորապես մանուկան, արդեն օգտագործվում են բժշկական վիրակապական նյութերում: Նա ցանկանում էր իմանալ՝արդյո՞ք բարձրորակ բազմածաղկային մեղրը կարող է ոչ միայն լավացնել վերքերը, այլև պաշտպանել բուն մաշկի կենդանի բջիջները:
«Ես դա համարում եմ խոստումնալից ուղղություն, հատկապես մաշկի խնամքի և դերմատոկոսմետիկայի մեջ կիրառելու համար»,- նշում է Քավաքը:
Այս ենթադրությունը ստուգելու համար նա և նրա գործընկերները դիմեցին կենդանի բջիջներին, այլ ոչ թե պատրաստի քսուքին: Հետազոտողները միաժամանակ աճեցրել են մարդու մաշկի երեք տեսակի բջիջներ, ինչն առաջընթաց քայլ է՝ մեղրի և ՈՒՄ ճառագայթման կիրառմամբ ավելի վաղ կատարված աշխատանքների համեմատ, որոնցում ամեն անգամ օգտագործվում էր բջիջների միայն մեկ տեսակ:
Մաշկի ցողունային բջիջները ստացվել են կենսազննումներից: Ֆիբրոբլաստները ձևավորում էին մաշկի աջակցող կմախքը, իսկ կերատինոցիտները ներկայացնում էին արտաքին շերտը: Պետրիի անշարժ թասիկներում գտնվելու փոխարեն՝ բջիջներն ապրում էին բիորեակտորի ներսում՝ միմյանց միացված խցիկների հավաքածուում, որոնց միջով դանդաղ մղվում էր կենսաբանական հեղուկը:
Հոսքը նմանակում էր իսկական մաշկի շարժվող, բազմաշերտ աշխարհը: Որոշ կենսաբանական հեղուկներ նախապես 48 ժամվա ընթացքում մշակվել են մեղրի մեկտոկոսանոց լուծույթով: Նախկինում անցկացված հետազոտությունները ցույց էին տվել, որ այդ չափաբաժինն անվտանգ է և նույնիսկ չափավոր խթանող ազդեցություն է ունենում բջիջների վրա:
Այնուհետև կիրառվել է սթրեսային գործոնը: Ուլտրամանուշակագույն ճրագը, որը կարգավորված էր մաշկի ծերացում առաջացնող ալիքի երկարությունների վրա, տեղադրվել էր մոտ 10 սանտիմետր հեռավորության վրա և օգտագործվել երկուսից երեք րոպե:
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը ոչ միայն մաշկի կարմրություն է առաջացնում: Այն քայքայում է ԴՆԹ-ն, բջիջները հագեցնում թթվածնի ակտիվ ձևերով և մղում դրանք ծերացման: Դա հանգեցնում է մի տեսակ կենսաբանական «թոշակի անցնելուն», որի դեպքում բջիջները դադարում են կիսվել և նորացվել: Մեղրով մշակված ցողունային բջիջներում հակառակ պատկերն է նկատվել:
Ցողունային բջիջների երիտասարդությունը և ինքնավերարտադրման ունակությունը պահպանող գեները ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերել, քան միայն ՈՒՄ ճառագայթման ազդեցությանը ենթարկված բջիջներում, մինչդեռ ծերացում և բջիջների կենսագործունեության դադարեցում առաջացնող գեները մնացել են նվազ ակտիվ:
Հետազոտական խումբը հետևել է մաշկի նորացմանը, ծերացմանը և վերականգնմանը մասնակցող ավելի քան 20 գենի: Մեկ միասնական գենետիկական փոխանջատիչ շոշափելու փոխարեն՝ փոփոխությունները տարածվել են այդ գեներից շատերի վրա:
«Դա հաստատում է այն գաղափարը, որ բազմածաղկային մեղրը կարող է գործել որպես բազմաբաղադրիչ կենսաբանական մոդուլյատոր, այլ ոչ թե ազդել միայն մեկ կոնկրետ թիրախի վրա»,- ասում է Քավաքը:
Մշակված ցողունային բջիջներն արտադրում էին ավելի քիչ ազոտի օքսիդ (ազդանշանային մոլեկուլ, որի մակարդակը բարձրանում է բջիջների քիմիական վնասվածքի ժամանակ), և նրանց ընդհանուր հակաօքսիդանտային պաշտպանությունն ուժեղանում էր: Օքսիդացնող վնասվածքները չեզոքացնելու մեղրի ունակությունը նորություն չէ:
Հետազոտություններից մեկում ցույց է տրվել, որ առնետների շրջանում, որոնք մի քանի ամիս մեղր են ստացել, նկատվել է ԴՆԹ-ի ավելի քիչ վնասում և հակաօքսիդանտային ֆերմենտների ավելի բարձր ակտիվություն, քան նրանց շրջանում, որոնք մեղր չեն ստացել:
Մաշկի առանձգականությունը մեծապես պայմանավորված է ֆիբրոբլաստներով՝ բջիջներ, որոնք արտադրում են կոլագեն և ջուրը պահող մոլեկուլ՝ հիալուրոնաթթու: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը քայքայում է դրանք, և չմշակված կենսաբանական հեղուկներում մաշվածությունն ակնհայտ էր: Հիալուրոնաթթվի սինթեզի համար պատասխանատու գենը դադարեց գործել:
Գենը, որը կոդավորում է պաշտպանիչ ջերմային ցնցման սպիտակուցը (որը բջիջների վերականգնման մեխանիզմի մաս է կազմում), նույնպես դադարեց վերափոխվել սպիտակուցի, մինչդեռ բջիջների ինքնաքայքայման գործընթացը թարկող գենն սկսեց ավելի հաճախ վերափոխվել:
Մեղրով նախնական մշակումը փոխեց իրավիճակը դեպի լավը: Հիալուրոնաթթվի գենը վերստին ակտիվացավ, և ջերմային ցնցման գենը դարձյալ միացավ: Այնուհետև ինքնանոչնչացման ազդանշանը թուլացավ, ինչի արդյունքում ֆիբրոբլաստները մոտեցան իրենց ոչ սթրեսային վիճակին: Նմանատիպ պաշտպանիչ ազդեցություն նկատվել է նաև այլ լաբորատորիաներում:
Փորձարկումների շարքերից մեկում հունական մեղրի էքստրակտները պաշտպանում էին մարդու մաշկի բջիջները B տիպի ՈՒՄ ճառագայթումից՝ նվազեցնելով ԴՆԹ-ի խզումների քանակը և սպիտակուցների օքսիդացնող վնասվածքները: Ամենաանսպասելի արդյունքը զսպվածությունն էր:
Վնասվածքից հետո վերականգնվող բջիջները հաճախ ակտիվացնում են Wnt ազդանշանային ուղին՝ աճի և նորացման գլխավոր կարգավորիչը, սակայն մեղրն այն թողեց փակ: Իրավիճակը կտրուկ փոխելու փոխարեն՝ մեղրը համակարգը մղեց դեպի հավասարակշռություն: Աճի ազդանշաններից մեկը, որն աջակցում է ցողունային բջիջների առողջությանը, պահպանվեց:
Միևնույն ժամանակ, գործընկեր-սպիտակուցի ակտիվությունը, որը կուտակվում է մետաբոլիկ ուղու գերտաքացման ժամանակ, զսպվեց: Բջիջները ստացան պաշտպանություն՝ առանց ստիպված լինելու աշխատել գերբեռնվածության ռեժիմում:
«Ինձ ամենաշատը զարմացրեց այն, թե որքան հավասարակշռված էր պատասխանը»,- ասել է Քավաքը:
Լիարժեք վերականգնման գործընթաց հարուցելու փոխարեն՝ մեղրը, ըստ երևույթին, աջակցում էր բջիջների պաշտպանական մեխանիզմներին՝ միաժամանակ կանխելով նորացման ազդանշանների արտահոսքը:
Մեղրի ոչ բոլոր տեսակներն են նման լավ արդյունքներ ցույց տվել: Առանձին հոդվածում հետազոտողները փորձարկել են առևտրային մանուկա մեղրը ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության ենթարկված ֆիբրոբլաստների վրա:
Այդ հետազոտության մեջ պարզվել է, որ մեղրը խախտում է բջիջների նյութափոխանակությունը և միայն չնչին չափով է նվազեցնում վնասվածքները. դա հիշեցում է այն մասին, որ ազդեցությունը մեծապես կախված է հենց մեղրից և բջիջներից:
Դրանցից և ոչ մինչ մեղրը չի վերածում արևապաշտպան միջոցի: «Պետք է հիշել, որ դա դեռևս պատրաստի արտադրանք չէ մաշկի խնամքի համար և ոչ էլ բժշկական միջոց»,- ընդգծել է Քավաքը:
Մեղրը ստացվել էր Արևելյան Թուրքիայի մեղվաբույծներից: Այն հատկապես հարուստ էր բուսական միացություններով, ներառյալ՝ ֆլավոնոիդ ակացետինով և մի քանի հակաօքսիդանտային թթուներով: Մեղրում պրոլինի պարունակությունն ավելի քան հինգ անգամ գերազանցում էր եվրոպական չափանիշներով պահանջվող նվազագույն մակարդակը, ինչը վկայում է դրա մաքրության և բարձր որակի մասին:
Այժմ թիմը ստուգում է, թե արդյոք գենային մակարդակի փոփոխությունները պահպանվո՞ւմ են սպիտակուցների՝ բջջի իսկական «բանող ձիերի» մակարդակում: Թիմը նաև մշակում է մեղր պարունակող մանրագույն թելեր, որոնք կարող են ակտիվ միացությունները հասցնել մաշկին՝ վերահսկվող չափաբաժնով: Աշխատանքի նպատակն է սահմանել նեղ, բայց հստակ շրջանակ:
Լաբորատոր պայմաններում կենդանի մաշկի վրա մեղրի թույլ լուծույթը տասնյակ գեներ ծերացման փուլից փոխադրեց վերականգնման փուլ և բարձրացրեց բջիջների հակաօքսիդանտային պաշտպանությունը: Դա տեղի ունեցավ առանց այն անվերահսկելի աճի, որը նկատվում էր վերքերի լավացման ժամանակ:
Հաջորդ քայլն է ստուգել՝ արդյոք նմանատիպ ազդեցություններ նկատվո՞ւմ են կենդանի մաշկի վրա: Եթե այդպես է, ուրեմն բազմածաղկային մեղրն ի վիճակի է ավելի կարևոր դեր խաղալ քսուքներում և վիրակապական նյութերում, որոնք նախատեսված են արևի լույսով պայմանավորված վնասվածքներից պաշտպանվելու համար:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
