ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վեդի քաղաքում 3 անձանց կողմից 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հաստատվել է, որ Վեդի քաղաքի 64-ամյա բնակիչ, տաքսու վարորդ Դ. Ա.-ն, աշխատանքի բերումով տեղեկացված լինելով համաքաղաքացու ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից բխող խոցելի վիճակի մասին, 2025 թվականի սկզբից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում նրա անչափահաս աղջիկներից մեկի անօգնական վիճակն օգտագործելով, համոզելով և սպառնալիքի միջոցով ենթարկել է սեռական շահագործման՝ նրա հետ պարբերաբար ունենալով սեռական հարաբերություն:

Բացի այդ՝ մեղադրյալ Դ. Ա.-ն, նույն ընտանիքի անչափահաս աղջկա անօգնական վիճակն օգտագործելով, 2026 թվականին նրան դպրոցից տուն տանելու պատրվակով նստեցրել է իր ավտոմեքենան և առևանգելով տեղափոխել է Վեդիի գերեզմանատան տարածք, որտեղ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Մյուս մեղադրյալ, Վեդի քաղաքի 58-ամյա բնակիչ Ա. Ե.-ն, իր հարևան, մեղադրյալ Դ. Ա.-ից տեղեկանալով նույն ընտանիքի խոցելի վիճակի մասին, 2026 թվականի ապրիլին դպրոցի ճանապարհին սպասել է անչափահաս աղջկան և հանդիպելով նրան՝ ներկայացել որպես հոր ընկեր ու առաջարկել իր ավտոմեքենայով տանել դպրոց, որից հետո առևանգել է վերջինիս ու տեղափոխել Վեդիի եկեղեցու հարակից տարածք, որտեղ օգտվելով անչափահասի անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

Բացի այդ՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ Վ. Ե.-ն նույն ընտանիքի համար բարեգործություն կատարելու պատրվակով մտերմություն է հաստատել անչափահասներից մեկի հետ, իսկ 2026 թվականի փետրվարին հերթական անգամ ընտանիքին այցելելու ժամանակ նրա համար գնումներ կատարելու առիթն օգտագործելով՝ առանձնացել է նրա հետ, որի ընթացքում օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Դ. Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ՝ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասով 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), Ա. Ե.-ի նկատմամբ՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելու փորձը), 198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), իսկ Վ. Ե.-ի նկատմամբ՝ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա. Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ. Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։

Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը իր էջում հայտնել էր, որ Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում է կոծկել դեպքերը:

Ներքին գործերի նախարարությունից հերքել են դեպքը կոծկելու փորձի մասին տեղեկատվությունը՝ հայտնելով մանրամասներ:

Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն առանձին ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *