Իսպանիայի իշխանությունները փորձում են հանցագործներ ու արմատական իսլամիստներ հայտնաբերել Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող իսպանական Սեուտա էքսկլավում՝ ապօրինի ներգաղթյալների զանգվածային ներհոսքից հետո։ Այս մասին երկուշաբթի հաղորդում է Confidencial թերթը։

«Հատուկ ծառայությունները դիտարկում են այն վարկածը, որ Սեուտային հարակից բնակավայրերի ռադիկալ իսլամիստները կամ ջիհադականները կարող էին խառնվել ամբոխին՝ Իսպանիայի տարածք թափանցելու համար»,- պարբերականը մեջբերում է Իսպանիայի իրավապահ մարմինների աղբյուրների խոսքերը։

Հրապարակման մեջ նշվում է, որ ներկայումս Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ու ոստիկանությունը «վերլուծում են Սեուտա զանգվածային ներխուժման տեսագրությունները և սանրում քաղաքի փողոցները, որպեսզի հնարավորինս արագ պարզեն բռնարարքներ կատարած հանցագործների, ինչպես նաև այն հնարավոր ջիհադականների ինքնությունը, որոնք օգտվել են սահմանային քաոսից՝ երկրի տարածք թափանցելու համար»։

«Հատուկ ծառայությունները գործի են դրել առկա բոլոր ռեսուրսները՝ անվտանգության համակարգի ճեղքվածքը փակելու համար»,- թերթը մեջբերում է Ներքին գործերի նախարարության աղբյուրի խոսքը։ Պարբերականի տեղեկություններով՝ «անգամ հստակ հայտնի չէ վերջին շաբաթվա ընթացքում Սեուտա մուտք գործած և այն լքած մարդկանց ճշգրիտ թիվը, թեև Պեդրո Սանչեսի կառավարությունը փորձում է ցույց տալ իրավիճակի կարգավորումն ու հանգստացնել Եվրամիության իր գործընկերներին»։

ԵՄ 22 երկրների ղեկավարները շաբաթ օրը պահանջել են Եվրոմիության ներքին գործերի նախարարների «արտահերթ տեսակոնֆերանս» անցկացնել՝ իսպանական Սեուտա էքսկլավ հազարավոր միգրանտների ապօրինի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը գնահատելու և պատասխան քայլեր մշակելու համար։ Երեքշաբթի օրը նախատեսված է ԵՄ երկրների ներքին գործերի նախարարների հրատապ հանդիպումը։

«Մենք չենք կարող թույլ տալ սահմանի զանգվածային ու անվերահսկելի հատումներ, միգրացիայի օգտագործում կամ հիբրիդային այլ սպառնալիքներ, որոնք տպավորություն են ստեղծում, թե Եվրոպական միություն մուտք գործելն հնարավոր է անօրինական ճանապարհով, և որ այդ ապօրինի մուտքը հետագայում կարող է վերածվել օրինական բնակության»,- ասված է ԵՄ Խորհրդում Իռլանդիայի նախագահությանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հասցեագրված բաց նամակում։

Նամակի նախաձեռնողներն են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, ում երկիրը ժամանակավորապես դադարեցրել է Իսպանիայի նկատմամբ Շենգենյան գոտու կանոնների գործողությունը, և նրա դանիացի պաշտոնակից Մետտե Ֆրեդերիկսենը, ով գտնում է, որ ԵՄ-ն պետք է քննարկի Շենգենյան գոտու շրջանակներում Իսպանիայի հետ համագործակցության կասեցման հարցը։

Ստորագրողների թվին են դասվում նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Հունգարիայի, Շվեդիայի և Լեհաստանի վարչապետները։

Մասնավորապես, 22 երկրների ղեկավարները նշել են, որ «նախարարները պետք է դիտարկեն ԵՄ սահմանապահ Frontex գործակալությանն աջակցությունն ուժեղացնելու և Մարոկկոյի հետ ԵՄ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունը»։

Վերջին օրերին տասնյակ հազարավոր միգրանտներ Մարոկկոյից ապօրինի թափանցել են Աֆրիկայի հյուսիսում գտնվող իսպանական Սեուտա էքսկլավ։ Շաբաթ օրը Իսպանիան հայտարարել է, որ իրավիճակը «գրեթե կարգավորվել է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *