Եվրոպական դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Եվրոպական Միության (ԵՄ)` Ռուսաստանի դեմ հաջորդ պատժամիջոցների փաթեթը կուղղվի գործող սահմանափակումների շրջանցմանը։
«Այն կկենտրոնանա պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարի և այդ սխեմաներում միջնորդներ հանդիսացող կազմակերպությունների սև ցուցակում ներառելու վրա։ Փորձը ցույց է տվել, որ ԵՄ բարդ փաթեթները համակարգելու փոխարեն ավելի լավ է թիրախավորել ամբողջ աշխարհում գործող կոնկրետ խախտող ընկերությունները», – ասել է նա։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովն այժմ պատրաստում է սահմանափակումների հաջորդ փուլի նախագիծը։ Այն դեռևս չի ներկայացվել ԵՄ Խորհրդին, որը պետք է հաստատի փաստաթուղթը։
Եվրոպացի պաշտոնյաները պետք է ավարտեն բոլոր ընթացակարգերը մինչև հոկտեմբերի 12-ին կայանալիք Արտաքին գործերի խորհրդի նիստը։ Սակայն հնարավոր է, որ դա տեղի ունենա ավելի շուտ։
Նախկինում ԱՄՆ Պետդեպարտամենտը երկամյա պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի ցամաքային զորքերի, գլխավոր հրթիռային և հրետանային վարչության և Ռուսաստանի պաշտպանության նախարարության այլ կառույցների նկատմամբ։
