Գիտնականները վերլուծել են ամերիկյան Gallup ընկերության անցկացրած խոշոր ազգային հարցման տվյալները, որտեղ ամենօրյա ռեժիմով արձանագրվել են ԱՄՆ ավելի քան 2 միլիոն բնակիչների ցավի ցուցանիշները։ Պարզվել է, որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծացել է այն հավանականությունը, որ մարդիկ կբողոքեն ընդհանուր ֆիզիկական ցավի տարբեր տեսակներից։

Ամենանկատելի աճը գրանցվել է չափազանց շոգ օրերին՝ Ցելսիուսի սանդղակով մոտ 32 աստիճան և բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ցավի սրացումն ամենահաճախը նշել են միջին տարիքի մարդիկ և սոցիալ-տնտեսական ավելի ցածր կարգավիճակ ունեցող խմբերի ներկայացուցիչները։

Հետազոտողները սա բացատրում են մի քանի գործոնով։ Ջրազրկման, բորբոքային գործընթացների և ճնշման տատանումների միջոցով շոգը կարող է ուղղակիորեն ազդել օրգանիզմի վրա՝ ուժգնացնելով արդեն իսկ առկա ցավային զգացողությունները։ Բացի այդ, բարձր ջերմաստիճանը բարձրացնում է սթրեսի մակարդակը, խաթարում քունը, նվազեցնում ֆիզիկական ակտիվությունը և վատթարացնում ընդհանուր ինքնազգացողությունը, ինչը նույնպես կարող է սրել ցավի ընկալումը։

Գիտնականները նշում են, որ շոգն ու վատ քունը կարող են փակ շղթա ձևավորել. քնի պակասը մարդուն ավելի զգայուն է դարձնում ցավի նկատմամբ, իսկ ցավն իր հերթին խանգարում է նորմալ քնելուն։ Ժամանակի ընթացքում սա կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա։

Ցավն ազդում է նաև ուղեղի աշխատանքի վրա, քանի որ ուշադրություն է պահանջում և նվազեցնում է կենտրոնացման, հիշողության ու որոշումների կայացման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Սա կարող է արտացոլվել աշխատանքի արտադրողականության, ուսման և առօրյա գործողությունների վրա։

Միևնույն ժամանակ, հետազոտողները ընդգծում են, որ ջերմության տեղային կիրառումը (օրինակ՝ տաքացնող ջեռակը գոտկատեղի ցավերի դեպքում) կարող է օգտակար լինել։ Սակայն ամբողջ օրգանիզմի վրա բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությունը հակառակ ազդեցությունն է ունենում և լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում ֆիզիոլոգիական համակարգերի համար։

Աշխատության հեղինակների գնահատմամբ՝ այսօր ցավի դեպքերի ավելացման պատճառով շոգը ԱՄՆ տնտեսության վրա տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է արժենում։ Եթե ջերմաստիճանը շարունակի բարձրանալ, իսկ ադապտացիոն միջոցառումներ չձեռնարկվեն, ապա մինչև 2050 թվականը այդ կորուստները կարող են գերազանցել տարեկան 9 միլիարդ դոլարը։

Գիտնականները խորհուրդ են տալիս շոգ եղանակին պահպանել ջրային հավասարակշռությունը, ամենաշոգ ժամերին խուսափել ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, գտնվել հով տարածքներում և ակտիվությունը պլանավորել առավոտյան կամ երեկոյան ժամերին։

Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *