Օդի աղտոտվածությունը, հատկապես PM2.5 մանրամասնիկներով, կապված է ռևմատոիդ արթրիտի ակտիվության բարձրացման և հիվանդության սրման ռիսկի մեծացման հետ։ Նման եզրահանգման են եկել Հարավային Կորեայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of the Rheumatic Diseases բժշկագիտական հանդեսում:
Ռևմատոիդ արթրիտը խրոնիկական աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը գրոհում է հոդերի հյուսվածքները՝ բորբոքում և վնասվածք առաջացնելով։ Հիվանդությունն ի վիճակի է ախտահարել նաև այլ օրգաններ և ուղեկցվում է համակարգային ախտանիշներով:
Սեուլի ազգային համալսարանի հետազոտողները չորս տարվա ընթացքում դիտարկել են ռևմատոիդ արթրիտով 1070 բուժառուի՝ վերլուծելով բժիշկներին նրանց ավելի քան 12 հազար 500 այցելությունների տվյալները: Նրանք համադրել են բուժառուների վիճակը օդի վեց հիմնական աղտոտիչների, ներառյալ՝ ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, օզոնի, շմոլ գազի, ինչպես նաև PM10 և PM2.5 կոշտ մասնիկների մակարդակների հետ:
Գիտնականներն ամենաուժեղ կապը հայտնաբերել են հենց PM2.5-ի՝ 2,5 միկրոմետրից փոքր չափերով աղտոտման մանրագույն մասնիկների հետ, որոնք պարունակում են ծխի, մրի և փոշու մեջ: Այդ մասնիկների բարձր խտացումների տևական ազդեցությունը, հատկապես անընդմեջ ավելի քան երկու շաբաթ, ուղեկցվել է հիվանդության ակտիվության աճով և սրացումների վտանգի բարձրացմամբ:
Գիտնականները պարզաբանել են, որ PM2.5 մասնիկներն այնքան փոքր են, որ կարող են թոքերից ներթափանցել արյան շրջանառության համակարգ և տարածվել օրգանիզմով մեկ: Այնտեղ դրանք ունակ են խթանել թթվածնի ակտիվ ձևերի առաջացումը, ինչը հանգեցնում է բջջային սթրեսի և բորբոքային գործընթացների:
Աշխատության հեղինակների գնահատմամբ՝ արդյունքները ցույց են տալիս, որ օդի որակը կարող է ռևմատոիդ արթրիտի ընթացքի վրա ազդող գործոններից մեկը լինել: Նրանք խորհուրդ են տալիս այդ հիվանդությունն ունեցող բուժառուներին խուսափել աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող վայրերում երկարատև գտնվելուց:
Ընդ որում, հետազոտողները նշում են, որ եզրահանգումներն առայժմ հիմնված են Հարավային Կորեայի բուժառուների տվյալների վրա, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ այլ երկրներում և բնակչության տարբեր խմբերի շրջանում:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
