Մասյացոտնի թեմը շնորհավորել է Վեհափառի ծննդյան օրը․
«Վեհափա՛ռ Տեր,
Փորձություններով լի այս ժամանակներում մեր աղոթքն է առ Աստված, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, զորություն, իմաստություն և հոգևոր անսպառ տոկունություն՝ շարունակելու Ձեր հովվապետական առաքելությունը՝ ի շինություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ամուր մնալ Քրիստոսի հանդեպ հավատքի, Եկեղեցու միության և Հայրապետական Աթոռի նկատմամբ հավատարմության մեջ։ Մասյացոտնի թեմի ուխտապահ հոգևորականությունն ու հավատացյալ ժողովուրդը, որպես Ձերդ Սրբության հոգևոր զավակներ, հաստատապես կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի կողքին՝ վստահությամբ, որ ճշմարտության և արդարության ճանապարհին Աստված չի լքում իր Եկեղեցին։
«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. Ը 31)։
Թող այս հավատքը զորացնի Ձերդ Սրբությանը, մեր հոգևոր դասին և համայն հավատավոր ժողովրդին՝ անսասան մնալու փորձությունների մեջ, պահպանելու Եկեղեցու միությունը և միասին հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները։
Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահի Հայաստան աշխարհը, անսասան և պայծառ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Իր օրհնությամբ առաջնորդի Ձերդ Սրբության գահակալությունը»։
