ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է սահմանային պատի կառուցում իրականացնել Տեխասի արևմուտքում գտնվող Big Bend հատվածում․ Մեքսիկայի հետ սահմանի այս հատվածում իշխանությունների ծրագրերը բախվել են հողատերերի, ֆերմերների, բնապահպանների և տեղական բիզնեսի ներկայացուցիչների լուրջ դիմադրությանը, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ մաքսային և սահմանային պահպանության ծառայությունը (CBP) Associated Press-ին հայտնել է, որ պանելների տեղադրումը մեկնարկել է Հադսպեթ շրջանի 47 մղոնանոց հատվածում, որն ստացել է Big Bend 1 անվանումը։
Առաջին պանելները տեղադրվել են սեպտեմբերի 15-ին։ Պողպատե կառուցատարրերի բարձրությունը կազմում է շուրջ 30 ֆուտ (մոտ 9 մետր)։
Այս հատվածը Big Bend շրջանում իրականացվող շուրջ 500 մղոն ընդհանուր երկարությամբ առավել ընդգրկուն ծրագրի մաս է կազմում։ Էլ Պասոյից հարավ գտնվող Հադսպեթ շրջանից մինչև Ամիստադ ջրամբար ընկած տարածքում նախատեսված է շինարարական հինգ տարածքի կառուցում։
Աշխատանքների մեկնարկը վարչակազմի 46 միլիարդ դոլարանոց ծրագրի մի մասն է, որը նախատեսում է պատերի և այլ արգելապատնեշների, պարեկային ճանապարհների կառուցում, ինչպես նաև միգրանտների ու մաքսանենգների հայտնաբերման տեխնոլոգիաների ներդրում։
CBP-ի տվյալներով՝ ծառայությունն այժմ շաբաթական միջինում շուրջ 12 մղոն արգելապատնեշ է կառուցում ԱՄՆ-Մեքսիկա մոտ 2000 մղոնանոց սահմանի երկայնքով։ Գերատեսչության պնդմամբ՝ Սպիտակ տուն Թրամփի վերադարձից ի վեր կառուցվել է 200 մղոն երկարությամբ նոր արգելապատնեշ։
Միևնույն ժամանակ, Big Bend 1 նոր հատվածում ընթացող շինարարությունը կապված չէ հարևանությամբ գտնվող Big Bend ազգային պարկի նախագծի հետ։ Վարչակազմն այնտեղ ժամանակավորապես կասեցրել է աշխատանքը՝ փորձելով լուծում գտնել շինարարության դեմ բողոքի ալիքից հետո։
Big Bend ընդարձակ շրջանում պատի կառուցման ծրագրերին դեմ են արտահայտվում հողատերերը, ֆերմերները, բնապահպանական կազմակերպություններն ու ձեռնարկատերերը։ Նրանք պնդում են, որ սահմանի այս հեռավոր հատվածը չի պատկանում ապօրինի հատումների բարձր ինտենսիվություն ունեցող շրջաններին։ Այս շաբաթ մի շարք հողատերեր, ֆերմերներ և բիզնեսի սեփականատերեր՝ Conserve Big Bend բնապահպանական կազմակերպության հետ համատեղ, հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով դադարեցնել նախագիծը։
No Big Bend Wall կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ շարունակելու են ընդդիմանալ շինարարությանը՝ չնայած պանելների տեղադրման մեկնարկին։ Բողոքողները փորձում են նաև համոզել տեղական իշխանություններին չհամագործակցել CBP-ի կապալառուների հետ, իսկ որոշ հողատերեր հրաժարվել են իրենց տարածքներում թույլատրել կառավարության և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը՝ ուսումնասիրություններ անցկացնելու համար։
