Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի քաղաքացիները «սթափ և օբյեկտիվ» կգնահատեն եվրաինտեգրման այն գործընթացի ռիսկերը, որին, Մոսկվայի գնահատմամբ, Հայաստանը փորձում են ներգրավել։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն, Արկտիկական խորհրդում Ռուսաստանի ավագ պաշտոնյա Վլադիսլավ Մասլեննիկովը։

Նրա խոսքով՝ ՀՀ զարգացման ուղղության վերջնական ընտրությունը ցանկացած դեպքում Հայաստանի քաղաքացիներինն է։

«Այս առումով ցանկանում ենք հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն «եվրաինտեգրացիոն» արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց այժմ փորձում են ներքաշել»,– ասել է Մասլեննիկովը։

2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքին։ Ռուսաստանի ներկայացուցիչները նախկինում հայտարարել են, որ միաժամանակ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային համակարգերում մասնակցությունն անհնար է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում ևս անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մտադրությանը։ Նա նշել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն։

Պուտինը Փաշինյանին առաջարկել է դիմել Հայաստանի ժողովրդին և վերջնականապես հստակեցնել՝ Հայաստանը շարունակում է անդամակցել ԵԱՏՄ-ին, թե ընտրում է ԵՄ-ն։ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ իր գնահատմամբ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը դեռ այն մակարդակում չէ, որ հնարավոր լինի հանրաքվե անցկացնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *