Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը գնահատել է Հայաստանի՝ եվրոպական գյուղատնտեսական շուկաներ մուտք գործելու հեռանկարները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Խոսքը մրցունակության և արտադրանքի որակի մասին է։ Մենք, իհարկե, հաջողություն ենք մաղթում նրանց», -ասել է Լուտը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Հայաստանին կհաջողվի մուտք գործել եվրոպական շուկաներ։
Հիշեցնենք՝ մայիսի վերջին «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելեց Հայաստանից ծաղիկների ներկրումը և սահմանափակեց լոլիկի, վարունգի, կանաչեղենի ու ելակի մատակարարումները։ Սահմանափակումները տարածվեցին նաև կեռասի, խաղողի, խնձորի, տանձի, սերկևիլի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի վրա։ Ավելի ուշ գործակալությունը հայտնեց հայկական ոչ ստանդարտ ալկոհոլի հայտնաբերման մասին՝ դա նշելով որպես դրա արտահանումն արգելելու պատճառ։ Կասեցվեցին նաև Հայաստանից ձկան և ձկնամթերքի բոլոր մատակարարումները։
Սեպտեմբերին ԵՄ խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառում՝ երկու տարի ժամկետով։ Այն նախատեսում է ներմուծման մաքսատուրքերի վերացում հայկական ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ սակագնային քվոտաների ենթակա որոշ գյուղատնտեսական ապրանքների համար։ Միջոցառումները կընդգրկեն թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99%-ը, ինչպես նաև ըմպելիքների և ոգելից խմիչքների ավելի քան 91%-ը։ ԵՄ խորհուրդը հայտարարեց, որ այդ միջոցառումները նպատակ ունեն աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումներ կիրառելուց հետո։ Փաստաթուղթը դեռ պետք է հաստատվի Եվրոպական խորհրդարանի կողմից։

Այս առևտրային վեճերի ֆոնին Հայաստանը շարունակեց Եվրոպական միությանը մերձենալու գործընթացը։ Օգոստոսի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացի մեկնարկի մասին։ Նա նշեց, որ Երևանը գիտակցում է Եվրոպական միությանը և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը՝ մի հարց, որը նախկինում բարձրացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *