Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովին ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի կապակցությամբ:
Հեռագրում մասնավորապես ասվում է․
«ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Կասպից ծովի ղազախստանյան հատվածում Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի ռազմածովային ուժերի զորավարժությունների շրջանակում ուսումնամարտական խնդրի կատարման ընթացքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների մահվան։
Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին ու մտերիմներին՝ մաղթում եմ նրանց տոկունություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»։
Հիշեցնենք՝ Ղազախստանի Մանգիստաուի շրջանում ռազմածովային ուժերի զորավարժության ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով Կասպից ծովի ալիքներն ափից քշել, տարել են 19 զինծառայողի։ Հաստատվել է 9 զինծառայողի մահը, երեքին հաջողվել է փրկել, նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսներն անհետ կորած են:
