Անապահովության գնահատման նոր համակարգը հիմնված է այլ գործոնների վրա, ոչ թե առողջության գործոնի վրա, հաշմանդամության առկայությունն, իհարկե, համարվում է գործոն և հատուկ գործակցով հաշվարկվում է, բայց այդ համակարգն ուրիշ տրամաբանություն ունի՝ ընտանիքի եկամուտներ և կարիք։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, որ բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց նպաստը կտրել են։
«Այդ բանաձևով ունենք հաշվարկ, ես չեմ կարող դա նույնիսկ ինչ–որ մեխանիզմով որոշել, տվյալ ընտանիքը կլինի նոր համակարգում, թե չի լինի։ Մենք այո, ունենալու ենք ընտանիքներ, որոնք նախկինում չեն ստացել նպաստ, հիմա կստանան և հակառակը, որ ստացել են նպաստ և հիմա չեն ստանալու»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ նախկինում քաղաքացին ստանում էր նվազագույն 46 հազար դրամի կենսաթոշակ և 20 հազար դրամ նպաստ, իսկ հունվարի 1–ից կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով, որի հետևանքով կզրկվի նպաստից, Թորոսյանն ասաց. «Եկեք նախ ասենք, որ նվազագույն կենսաթոշակը եղել է 36 000, որը ապրիլի 1–ից դարձել է 46 000 և նաև 10 000 դրամ էլ հնարավորություն կա հետվճար ստանալու։ Այսինքն նույնիսկ եթե համեմատենք պարզապես զուտ մաթեմատիկորեն, ապա ոչինչ չի փոխվել, 20,000 կար և 20,000 էլ ավելացել է։ Բայց այստեղ կա նաև առողջության ապահովագրության կոմպոնենտը, որը մեր քաղաքացիների, հատկապես մեր տարեց քաղաքացիների ծախսերի մի զգալի մասն է կազմում։
Նպաստի հաշվարկման բանաձևը հետևյալի մասին է, եթե դու ունես ընտանիք, ապա ընտանիքի եկամուտները պետք է լինեն ինչ-որ ձևով համեմատելի այդ պահին պարենային զամբյուղի հետ, որը մենք պարբերաբար թարմացնում ենք: Կան բացառող գործոններ, որոնց առկայության դեպքում նույնիսկ գնահատում չի արվում՝ գույքահարկ, մեքենայի առկայություն, վարկային պարտավորություններ, որոնք շատ հին չեն։
Այս ծրագիրը պիլոտավորվել է մեկ տարուց ավելի Սյունիքի և Կոտայքի մարզերում, այո, կան քաղաքացիներ, որ դժգոհ են, բայց մեր առաջարկը մեր քաղաքացիներին աշխատանքն է։
Կան շատ մեր քաղաքացիներ, որոնք աշխատունակ տարիքի են, բայց ասում են՝ ինչու՞ եք կտրել մեր նպաստը։ Մենք ասում ենք, որ «փարոս» համակարգը, որը եղել է արդեն 30 տարուց ավելի, պարզապես դրդել է մեր քաղաքացիներին չաշխատել, որովհետև կա փարոս, որը իրականում շատ քիչ գումար է։ Հիմա մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը աշխատելու»,– հայտարարեց նախարարը։
