Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ` Անի Ավետիսյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, դեռ առկա է ոտքը պահելու խնդիրը։ Այս մասին 24News-ին հայտնեց Անիի քույրը։
Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրն ու հայտնվել Հայաստանի տարածքում։
Դատախազությունից էլ հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերվելուց հետո կրակ է արձակել զենքից։ Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված կինը, իսկ նրա երկու անչափահաս երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ (դաստակի կոտրվածք և սալջարդ)։
Հիշեցնենք, որ ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է:
