Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որի արդյունքում կստեղծվի Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի նոր մոդելի և ժամանակակից թվային ու վերլուծական համակարգի լիարժեք գործարկման օրենսդրական հիմքերը։ Միաժամանակ կիրականացվի հաշվառվող տվյալներից յուրաքանչյուրի հաշվառման նպատակահարմարության գնահատում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նախատեսվում է անցում կատարել միասնական էլեկտրոնային և տվյալահենք համակարգի, որը հնարավորություն կտա տարբեր մարմինների տվյալները հավաքագրել և համադրել մեկ միջավայրում՝ ապահովելով դրանց արագ փոխանցումը, համադրելիությունը և արդյունավետ վերլուծությունը։
Հստակեցվում են հանցագործությունների, վարչական իրավախախտումների և հետախուզումների վերաբերյալ հաշվառման ենթակա տեղեկությունների շրջանակը, ինչպես նաև պետական մարմինների շրջանակը, որոնց տրամադրած տվյալների հիման վրա իրականացվելու է միասնական կենտրոնացված հաշվառումը։
Հանրության համար վիճակագրական տեղեկատվությունը առավել բաց և հասանելի դարձնելու նպատակով կամրագրվի հանցավորության վիճակագրության բաց հարթակի ստեղծման պահանջը։ Այս լուծումը միտված է նաև իրավապահ մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը։
Օրենսդրական փոփոխությունները հիմքեր կստեղծեն ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ժամանակակից տվյալահենք, հետազոտական և վերլուծական կառույցի լիարժեք գործունեության համար։
